Բացել լրահոսը Փակել լրահոսը
339072693_793337458361177_3924310984503877491_n
A A
Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Լուսինե Կիրակոսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
 
 Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 14։00-15:30-ին, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Հուղարկավորությունը՝ ապրիլի 5-ին՝ Գյումրիում»,- նշված է հաղորդագրության մեջ։։
 

Դերասանուհին մարտի 17-ին ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Լուսինե Կիրակոսյանը ծնվել է դեկտեմբերի 4-ին Լենինականում: Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում: Կիրակոսյանի տաղանդն ի հայտ է եկել դեռ մանուկ հասակից, երբ առաջին դասարանից սկսած բեմադրություններ է արել բակի երեխաների հետ։ 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Խաղացած ներկայացումներից են՝ Երվանդ Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պերճ Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ. Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն։ Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը 1» (1996) ֆիլմերում։ Հեռուստադիտողի հիշողության մեջ միշտ մնացել և մնում է Լուսինե Կիրակոսյանի մարմնավորած Ռոզի կերպարը «Վերվարածները ընտանիքում» առաջին հայկական հեռուստասերիալից։ 2007 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, 2010 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար (Ցիանակալիում․․․ կաթով կամ առանց կաթի):