Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նինո Կատամաձեի համար երգը կյանք է

Մշակույթ
eb129a12188832250803b6e4d2d7a439

Երեկ երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամանակակից էթնո-ջազի աստղերը` համաշխարհային ճանաչում ունեցող Նինո Կատամաձեն և «Insight» խումբը, ներկայացրին «Red» նոր ալբոմը եւ համերգային նոր ծրագիր, որտեղ սակայն տեղ էին գտել նաեւ նրանց հանրաճանաչ հիթերը:

Նինո Կատամաձեն եւ «Insight» խումբը վերջին շրջանում մեծ հեղինակություն ձեռք բերեցին ինքնատիպության շնորհիվ: Միայն վերջին տարվա ընթացքում նրանք ունեցել են ավելի քան հարյուր համերգ Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Ուկրաինայի ամենահեղինակավոր հանմերգասրահներում: Եվ բոլոր համերգները, այդ թվում երեւանյանը անցնում են լեփ-լեցուն դահլիճներում:

«Եթե երգը ինձ համար աշխատանք լիներ, ես հիմա վաղուց մահացած կլինեի, երգն ինձ համար կյանք է, եւ ձեզանից ստացած էներգիայով ես ստեղծում եմ նորանոր երգեր եւ ապրում եմ»,- երեկվա համերգի ընթացքում խոստովանեց Նինո Կատամաձեն:

Նա տիրապետում է հանդիսատեսի հետ շփման բացառիկ արվեստին, ինչի շնորհիվ երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բեմի ու դահլիճի սահմանները վերացել էին. Նինոն պարզապես շփվում էր իրեն սիրող հանդիսատեսի հետ: Նրա անմիջականությունը վերացրել էր ցանկացած սահման. բեմը իրենն էր, ինքը` բեմինը:

Համերգի ընթացքում նա ինքնաբուխ բեմ հրավիրեց իր հայ ընկերներին` Լիլիթ Պիպոյանին եւ Վահագն Հայրապետյանին: Վրացի երգչուհին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին` նրանց նման տաղանդաշատ մարդկանց ծնունդ տալու համար, ապա հայ եւ վրացի երաժիշտները համատեղ կատարեցին մի քանի գործ:
Մթնոլորտը, Նինո Կատամաձեի ստեղծած տրամադրությունը իսկական տոն էր հայ էթնո ջազի սիրահարների համար:
Ի դեպ, համերգին ներկա էին ՀՀ ԱԳ եւ Մշակույթի նախարարները: