Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնին արժեք (տեսանյութ)

Մշակույթ
6403550a695ead9fda4d96111da14085

4-րդ անգամ մեկնարկեց «Թատրոն-X» հանրապետական փառատոնը: Ի տարբերություն նախորդ տարիների`մասնակցելու են ավելի քան երեք տասնյակ թատերախմբեր մայրաքաղաքից, մարզերից ու Լեռնային Ղարաբաղից:

Եթե 2007-ին, երբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը հիմնադրեց «Թատրոն X» փառատոնը, մասնակցում էր 8 թատրոն ու թատերախումբ` 8 ներկայացմամբ, ապա այս տարի, մարտի 21-ից ապրիլի 28-ը, թատերասերները հնարավորություն կունենան մայրաքաղաքում, մարզերում ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում 31 ներկայացման ոչ միայն դիտորդը, այլև բանավեճի ու քննարկման մասնակիցը լինելու:

Փառատոնի կարգախոսը` «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն» ենթադրում է յուրաքանչյուր ներկայացումից հետո բաց քննարկումներ` ռեժիսորների, թատերական քննադատների դերասանների, գրականագետների ու երաժշտագետների մասնակցությամբ: Սակայն թատերագետ Լևոն Մութաֆյանի համոզմամբ այստեղ կարևոր է գտնել սահմանագիծը, ու ոչ թե "դատափետել" , այլ բանավեճի կուլտուրա ձևավորել:

Նախորդ տարվա լավագույն բեմադրությունների դիտումներն ու քննարկումները հնարավորություն են ընձեռում խոսել թատրոնի այսօրվա խնդիրների ու անելիքների մասին, ամփոփել ձեռքբերումներն ու բացահայտել նոր անուններ: Սա կազմակերպիչների նպատակն է: Փառատոնի նախագահ թատերագետ Արա Խզմալյանն կարևորում է երիտասարդական թատերախմբերի առկայությունը: Գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ համոզված է, որ որևէ քննադատությունն անարդյունք չի անցնում: Զարգացում է ապրում թատերական միտքը, և այն, ինչ արվում է, ուղղված է դեպի ապագան:

Պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանին առանձնակի մտահոգում է Ազգային թատրոն ունենալու խնդիրը:

«Թատրոն X»-ի մեկնարկայինը` Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի "Ցիանակալիում` կաթով կամ առանց կաթի" ներկայացումն էր, որը Գրիգոր Խաչատրյանի բեմադրությունն էր: Երիտասարդ, ինքնատիպ ու խոստումնալից ռեժիսորի կարծիքով այսօրվա թշվառ իրականության մեջ ոչ "գլամուրային" արժեքների ստեղծումն ինքնին արժեքավոր է: