Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Իրեն հարգող երգչի համար յուրաքանչյուր բեմը բեմ է՝ «Քովենթ Գարդենը» կլինի, թե Վանաձորի մշակույթի տունը․ Լիպարիտ Ավետիսյան (տեսանյութ)

«Իրեն հարգող երգչի համար յուրաքանչյուր բեմը բեմ է՝ Քովենթ Գարդենը կլինի, թե Վանաձորի մշակույթի տունը, նույն պատասխանատվությունն է։ Դու պետք է հաճույք պարգևես ունկնդրին և պահես այն բարձունքը, որն արդեն նվաճել ես»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհի լավագույն օպերային բեմերը նվաճած, իր սերնդի ամենավառ ու ամենապահանջված տենորներից Լիպարիտ Ավետիսյանը։

Վաղը՝ ապրիլի 11-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա նրա մենահամերգը։

Մեներգչի խոսքով՝ Հայաստանում ավելի բարդ է ելույթ ունենալ, քանի որ մենք փոքր, բայց տաղանդավոր ազգ ենք, մեկս մյուսին ճանաչում ենք, ինֆորմացված ենք։

«Երբ ունես հաջողություն արտերկրում, քիչ չեն նրանք, ովքեր սպասում են, թե այստեղ ինչպես ելույթ կունենաս, «սպասում են», այսպես ասած, «կիքսի»։ Հուսով եմ, որ նրանց «սպասումները» չեն արդարանա»։

Մենահամերգի ծրագիրը բազմազան է։ Առաջին բաժնում կհնչեն արիաներ իր սիրելի կոմպոզիտորների՝ Վերդիի, Դոնիցետտիի, նաև Չայկովսկու օպերաներից։ Իսկ երկրորդ բաժինը կտա այն տրամադրությունը, որը գեղեցկացնում ու թեթևացնում է համերգը, կհնչեն, մասնավորապես, Բաբաջանյանի գործերից, նաև ուկրաինական երգեր։

Լիպարիտ Ավետիսյանը Հայաստան է վերադարձել վեց օրով։ Առաջիկայում նա հանդես կգա Գլայնբորնի փառատոնում և Թագավորական օպերային թատրոնում։

Մանրամասն՝ տեսանյութում