Պոլինա Օսետինսկայան՝ Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհահռչակ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում։ Մենահամերգը բարեգործական է, այն տեղի կունենա ապրիլ 21-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:
Բացի մենահամերգից դաշնակահարուհին անվճար վարպետության դասեր կտա տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտներին: Օսետինսկայան Հայաստան կայցելի Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի հրավերով` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ: Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հայաստանի մարզերում դասական երաժշտության բնագավառում խոստումնալից հայ երեխաների կրթական ծրագրերի աջակցությանը:
Երևանյան մենահամերգին Օսետինսկայան կներկայացնի ‹‹Բարոկկո երաժշտությունը՝ հեղինակային ֆիլմում›› ծրագիրը: Կհնչեն Բախի, Հենդելի, Պյորսելի, Ռամոյի և բարոկկո դարաշրջանի այլ հանճարեղ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք հնչել են 20-րդ դարի հեղափոխական ռեժիսորներ Ստենլի Կուբրիկի, Ինգմար Բերգմանի, Անդրեյ Տարկովսկու, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի և Լարս ֆոն Տրիերի կուլտային ֆիլմերում:
‹‹Նրա նվագը պարզապես ՀՐԱՇՔ է, դաշնակահար՝ փայլուն, ազատ տեխնիկայով, հնչյունի վարպետ, նրա հնչյունն այնքան փափուկ ու պայծառ է, կարծես թավիշի վրայով սահող մարգարիտ լինի: Նա կատարելապես տիրապետում է բարոկկո դարաշրջանի երաժշտությանը. հենց սկզբից նա այնպիսի անհավանական տեմպ է վերցնում և պահում մինչև վերջ, որ շնչելու հնարավորություն չի տալիս ոչ իրեն, ոչ հանդիսատեսին, միևնույն ժամանակ, այնքան նրբագեղություն կա նրա նվագի մեջ››,-այսպես են նկարագրում Օսետինսկայային միջազգային մամուլն ու երաժշտաքննադատները:
Դաշնակահարուհուն կարելի է լսել Քարնեգի Հոլում, Վիեննայի Musikverein -ում, Լոնդոնի Barbican համերգասրահում, Հռոմի Teatro Argentina-ում, Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի ամենամեծ դահլիճներում և փառատոներում: Դաշնակահարը ելույթ է ունեցել MusicAeterna նվագախմբի, Մարիինյան թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ, Սվետլանովի անվան Պետական ակադեմիական սիմֆոնիկ, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:
Նրա բեմական գործընկերներից են դիրիժորներ Թեոդոր Կուրենտզիսը, Վլադիմիր Սպիվակովը, Լորան Պետիժերարը, Տուգան Սոխիևը, Ալեքսանդր Սլադկովսկին, Վասիլի Սինայսկին, Անդրեյ Բորեյկոն, Դմիտրի Լիսսը, Գերդ Ալբրեխտը, Յան-Պասկալ Տորտելիեն, Թոմաս Զանդերլինգը։
Օսետինսկայան ձայնագրություններ է արել Sony Music, Naxos, Bel Air, Quartz և ‹‹Մելոդիա›› ձայնագրման ընկերություններում:
Ավելացնենք նաև, որ Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը գործում է Հայաստանում 2021թ.-ից և ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարաղական արվեստի և արվեստի մենեջմենտի զարգացմանը և Հայաստանի քաղաքացիների ու մշակութային կառույցների փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը: