Թուրքիայում հավանաբար կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայում անցկացված նախագահական և 28-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում բացվել է քվեատուփերի 99.3 տոկոսը, գրում է Ermenihaber.am-ը։
Ըստ Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Եների՝ ժամը 09:45-ի դրությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 49.40 տոկոսով առաջին տեղում է, իսկ ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է քվեների 44.96%-ը։ «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանն էլ ստացել է ձայների 5.20 տոկոսը։
Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան Անկարայում պատշգամբից ելույթ է ունեցել՝ դիմելով իր կողմնակիցներին:
«Չնայած ստույգ արդյունքները դեռևս պարզ չեն, բայց մենք մեծ առավելությամբ առաջատար ենք»,- ասել է նա։ Նաև նշել է, որ սա Թուրքիայի պատմության մեջ մասնակցության ամենաբարձր ցուցանիշով ընտրություններից մեկն է:
Իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններից հետո հայտարարություն է արել. «Այս պահին տվյալները շարունակում են թարմացվել։ Եթե մեր ազգն ասի «երկրորդ փուլ», մենք անվարան կընդունենք դա։ Այս ընտրություններում մենք անպայման հաղթելու ենք, 2-րդ փուլում բոլորը դա կտեսնեն»։
Այս ընտրություններում ստացած քվեների քանակով անակնկալներից մեկը համարվող նախագահի թեկանծու Սինան Օղանն իրենց համար հաջողված է համարում այս ընտրությունները: Սինանը դեռ մայիսի 14-ի գիշերը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ավելի շատ հավանական համարելով երկրորդ փուլի անցկացումը: Նա նշել էր, որ 2-րդ փուլում թեկնածուներից որևէ մեկին աջակցելու որոշում դեռ չունի։
Վերջնական արդյունքները պարզ լինելուց հետո կհայտարարվի ընտրությունների 2-րդ փուլի անցկացման մասին: Այն նախատեսվում է, որ տեղի կունենա մայիսի 28-ին:
Աղբյուր` Ermenihaber.am