Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Մեկնարկել է Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 23-ից հուլիսի 9-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվեց հունիսի 24-ին Վանաձորում՝ «Բարեկամություն » անսամբլի համերգային ծրագրով։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ով կարեւորեց նման փառատոնի անցկացման դերը և ասելիքը․« Ես հաճախ եմ հարց տալիս, թե ինչի մասին է այս փառատոնը․ այս փառատոնը այն մասին է, որ որքան էլ կյանքը դժվար լինի, որքան էլ ժամանակները լինեն բարդ և երերուն, միևնույն է՝ արժե ապրել, միևնույն է, չի կարելի կորցնել լավատեսությունը, չի կարելի կորցնել հավատն , եւ ահա ֆրեսկո միջազգային փառատոնն ապացուցեց, որ բարձրագույն մի ոլորտում աշխարհիկ և հոգևոր արժեքները համընկնում են»։

Միջոցառմանը ներկա էր նաեւ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսանը, ով իր խոսքում ընդգծեց, որ Վանաձորում նմանօրինակ միջոցառումների անցկացնումը անչափ կարևոր է, հատկապես որ փառատոնը իր տեսակով բազմաժանր եւ բազմաբովանդակ է։

Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի շրջանակում, ցուցադրվելու են անցած տասը տարիների մրցանակային ֆիլմերը։

Հունիսի 25-ին Դմիտրի Բրիկմանի հետ տեղի կունենա հանդիպում-վարպետության դաս՝ «Լուսանկար. տեսնել անտեսանելին» խորագրով

Հունիսի 27-ին կունենա ստեղծագործական հանդիպում կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր Քշիշտոֆ Զանուսիի հետ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ Շինարարների փ. 12):

Վանաձորում տեղի կունենան նաև վարպետության դասեր, հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա արվեստագետների հետ, ինչպես նաև մշակութային ներառական ճամբար: