Բացել լրահոսը Փակել լրահոսը
20230614_200359
A A
Թեմա Քաղաքականություն Հասարակություն

Սահման․ Բեռլինի պատի «վերադարձը»/ լուսանկարներ

Ռուս-ուկրաինական պատերազմն ու  սահմանն անարգել հատած 8 մլն փախստականները Լեհաստանի քաղաքացիական հասարակությանը ստիպեցին հիշել այն  10000 մարդկանց, որոնց  համար այդպես էլ տեղ չգտնվեց ու չի գտնվում իրենց երկրում նույնիսկ որպես տարանցիկ ուղեւորի։

«Մենք  դեմ չենք, որ օգնեն ուկրաինացի փախստականներին, խնդրում ենք ճիշտ հասկանալ, ավելի շատ է պետք  օգնել, բայց մեզ անհանգստացնում է այս ընթացքում բելառուսական սահմանին տեղի ունեցածը Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից  ներգաղթյալների հանդեպ»,- Լեհաստանում  տարբեր հանդիպումների ժամանակ այս միտքն էին արտահայտում իրավապաշտպանները,հետազոտողները, լրագրողները, նույնիսկ սահմանամերձ քաղաքների ղեկավարները։  

Լավ կյանքի հույսով Իրաքի, Լիբիայի, Աֆղանստանի, Սիրիայի, Եթովպիայի, Կամերունի քաղաքացիները հազարավոր  դոլարներ են ծախսում՝  հասնելու Բելառուս՝ հավատացած, որ այն նրանց համար  կյանքի պատուհան է ու դուռ  դեպի Եվրոպա: Բայց այդ պատուհանը  գոնե  10000–ի համար չի բացվել, իսկ  45-ի համար լեհ-բելառուսական սահմանը դարձել  է  մահվան  հովիտ:   Մոտ երկու տարի է` ավելի քան 300 մարդ համարվում է  անհետ կորած։

   2021թ ամառվանից, երբ մի քանի հազար ներգաղթյալներ Բելառուսի տարածքից փորձեցին հատել Եվրամիության անդամ Լեհաստանի սահմանը,լեհ-բելառուսական սահմանին իրավիճակը մնում է լարված։ Թե ինչպես են միգրանտները կարողացել ապօրինի հասնել Բելառուս, պաշտոնական պարզաբանում առ այսօր չկա։   Կան կասկածներ, որ հազարավոր դոլարները, որոնք վճարում  են միգրանտները, հոսում են Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները:

Նախկին լրագրող, ակտիվիստ  Պյոտր Գաբանը  թվարկում է միգրանտների անունները, որոնց դիակները գտել են  սահմանամերձ անտառում, ԴՆԹ անալիզով նույնականացրել,  փնտրել հարազատներին, կազմակերպել  մարմինների տեղափոխություն կամ հուղարկավորություն։ Ասում է՝  միգրանտները, որոնք ինչ-որ կերպ կարողացել  են հատել սահմանը, թաքնվել անտառում, մահացել են սովից, ցրտից, թունավորումից, հիվանդություններից։

Փախստականներից ու նրանց հարազատներից լսած պատմությունները համադրելով՝ դաժան պատկեր  է ստացել, որ բելառուսական կողմը կատաղած շների միջոցով միգրանտներին «շպրտում» է լեհական կողմ, լեհերն էլ՝ ետ՝  հաշվի չառնելով ոչ սեռ, ոչ տարիք, ուր մնաց՝  անձնագիր։ «Մարդկանց վերաբերվում են ինչպես ապրանքի»,- նշում  է Պյոտրը։

Բելառուսին սահմանակից Բոհոնիկ գյուղի  թաթարական-մահմեդական գերեզմանոցի ծայրում նոր գերեզմանաթմբեր են՝  Սիդիգ Մուսա  Համիդ Էյսա, Հալիկարի Դակեր․․․  Շատերի ծննդյան տարեթվերը չկան,  միայն մահվան թվականներ են՝  2021, 2022։  Միգրանտներին հուղարկավորվել են տեղացիների  գերեզմաններից բավականին հեռու ։

Պյոտրը  հանդիպման է եկել շան՝ Դիեգոյի հետ։ Ասում է՝  նրա հետ է անտառներում փնտրում միգրանտներին, հակառակ Լեհաստանի կենտրոնական իշխանությունների քաղաքականության՝  նրանց գոնե սնունդ ու դեղորայք փոխանցելու համար։    Եթե տեղացիները կարողանում են  օգնել անելանելի վիճակում հայտնված միգրանտներին, ապա անում են խիստ գաղտնի։ Եթե  փորձեն  նրանց տանիք տալ, բացահայտվելու դեպքում միգրանտին կարտաքսեն, իսկ իրենց կարող են քրեական պատասխանատվության ենթարկել, օրինակ՝  թրաֆիկինգի համար։

Բետոնը կվախեցնի՞ պատերազմից փախչողին

Սա  Լեհաստանի արեւելյան սահմանն է․ պատից այն կողմ  Բելառուսն է։   2021թ նոյեմբերին,  երբ միգրանտները փորձում էին հատել սահմանը,այս պատի տեղում կանգնած էին ոստիկանները (  տես՝ Ռոյթերսի լուսանկարը)

Արգելապատին մոտենալ չի կարելի։  Եթե բոլոր դեպքերում ցանկանաս անտեսել 15 մետրի արգելքը՝  տեսնելու ինչ է կատարվում չերեւացող հատվածում, անմիջապես կհայտնվեն սահմանապահներն ու ոստիկանները և նվազագույնը՝ կտուգանեն։  

Այնուամենայնիվ, սոցցանցերում ժամանակ առ ժամանակ հայտնվում են տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք ներկայացնում են իրավիճակը  բարձր պատից այն կողմ։ (Պատկերը՝ մայիսի վերջին։ Լուսանկարը՝  Գրանիցա խմբի էջից)

Մեկ տարի առաջ   186 կմ երկարությամբ ու  5,5 մ բարձրությամբ, մոտ 1,6 մլդ զլոտի (340 մլն եվրո) արժողությամբ պատը կառուցվեց՝  հաշվի չառնելով հարակից բնակավայրերում ապրողների, ակտիվիստների ու բնապահպանների բողոքները։  

Արգելապատնեշի կառուցումը  մեծ վնաս է հասցրել ու հասցնում Բելովեժյան անտառին,որը կենդանիների ու բուսատեսակների բազամատեսակությամբ անկրկնելի է  Եվրոպայում։ Բելովեժյան թավուտը  ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշմամբ ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում։

Սահմանամերձ Հայնովկայի բնակիչները մեզ հետ   զրուցում են   անունները չհրապարակելու պայմանով, քանի որ կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում։  Նրանց անհանգստացնում է  ոստիկանական ուժերի ու անցակետերի թվի օրեցօր ավելացումը։

Բելովեժյան թավուտի դարպասներ  համարվող Հայնովկայում ապրուստի հիմնական միջոցը  զբոսաշրջությունն է։ Վերջին զարգացումների հետեւանքով կտրուկ նվազել է  զբոսաշրջիկների թիվը։ 

Ակտիվիստների համար տարօրինակ է, որ ֆեդերալ իշխանությունները չեն հասկանում, որ բետոնով ու պողպատով անհնար է փակել այն մարդկանց ճանապարհը, որոնք փախչում են պատերազմից ու աղքատությունից։

Չնայած փշալարերին արգելապատնեշին՝ միայն հունիսի 24-ին, Լեհաստանի սահմանապահ ծառայության հաղորդմամբ, 93 հոգի (ներառյալ Բանգլադեշի, Հնդկաստանի, Սոմալիի ու Եգիպտոսի քաղաքացիներ)   փորձել են ապօրինի հատել սահմանը։  Իսկ նման թվեր ներկայացվում են ամեն օր։

Ուկրաինացիները վերադառնում են տուն

Պշեմիշլի երկաթուղային կայարանում  սպասում են դեպի Զապորոժե մեկնող գնացքին։ Մի քանի տասնյակ ուղեւորներ են՝  երիտասարդներ, տարեցներ, երեխաներ։  «Ա1+»-ի հետ զրույցում երիտասարդ  աղջիկն ասում է, որ երկու շաբաթով մեկնում է ծնողներին տեսության։ Ուսանող է, Գերմանիայում է սովորում։ Իրավիճակը, գիտի, լարված է, բայց շատ է կարոտել հարազատներին։ Մեկնողների մի մասը որոշել էր վերադառնալ հայրենիք, մի մասը դեռ չգիտեր իր հետագա անելիքները։

Ամեն օր գնացքի հինգ չվերթ կա Պշեմիշլից դեպի Կիեւ, Օդեսա ու Զապորոժե ուղղություններով  եւ հակառակը։  Ուկրաինայից  ժամանողներ լինում են ամեն օր, բայց ոչ այնքան, ինչպես պատերազմին հաջորդած ամիսներին։

 Պշեմիշլը  ընդամենը 12 կմ է հեռու է  ուկրաինական սահմանից։ Այս կայարանից է  ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենը փետրվարին մեկնել  Ուկրաինա։   Քաղաքապետարանի  փախստականների հարցով պատասխանատու Յացեգ Պավինն ասում է, որ իրենց գրասենյակը գործում է  հենց կայարանի շենքում։   Փախստականների համար Պշեմիշը եղել ու մնում է  տարանցիկ կետ։  Մի քանի օր այստեղ մնալուց հետո ուկրաինացի փախստականներին տեղափոխել են Լեհաստանի տարբեր քաղաքներ կամ Եվրոպական այլ երկրներ՝ նրանց ցանկությամբ։  Պաշտոնյան ասում է՝  եթե չլինեին տարբեր վայրերից ժամանած կամավորները, չգիտի՝ ինչ կանեին։  Պշեմիշլը ընդամենը 60000 բնակիչ ունի, մինչդեռ պատերազմի սկզբում օրական գնացքով 100000 փախստական էր գալիս։  Հիմա օրը մինչեւ 100 հոգի է ժամանում Ուկրաինայից։ 

Լեհաստանի իշխանությունները  որոշել են ուկրաինացիներին աջակցության հանձնաժողովը լուծարել մի ամսից։  Իրավիճակի սրման պարագայում դա կարող է աղետաբեր հետեւանքներ ունենալ,- նկատում է պաշտոնյան։ Եթե ֆեդերալ իշխանությունները գումարներ չտան, քաղաքապետարանն իր ուժերով չի կարողանա օգնել, հատկապես որ  2022թ ամառվանից տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից ուղարկվող աջակցությունը կտրուկ նվազել է։

Ի դեպ, սահմանը հատողներից Լեհաստանում մնացել է 1,5-2մլն ուկրաինացի, որոնց մի մասին որպես փախստականի աջակցության նպաստ այլեւս չեն տալիս տարբեր պատճաբանություններով, օրինակ՝ երկրում 30 օր անընդմեջ չեն եղել։

Պաշտոնական Լեհաստանը չի ուզում ապաստան տալ

Աշնանը կայանալիք  Լեհաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում միգրանտների թեման ամենաշատ «օգտագործվողն է», հատկապես ԵՄ-ի վերջին՝ միգրացիոն համաձայնագրից հետո։  

 Փորձելով  ի վերջո  կարգավորել միգրանտների վերաբերյալ արդեն 8 տարի առկա տարաձայնությունները` ԵՄ արտաքին գործերի նախարարները հունիսի սկզբին համաձայնության եկան։ Ըստ դրա՝  ԵՄ 27 անդամներից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու որոշակի թվով փախստականներ ընդունելու համար։  Եթե պետությունը չի ցանկանում ապաստան տալ, ապա  մեկ անձի համար պետք է վճարի  մոտ 20000 եվրո։

Իշխող  «Օրենք և արդարություն» ազգայնական  կուսակցության ներկայացուցիչները  հայտարարել են, որ դեմ են ու չեն բացառում, որ խորհրդարանի ընտրության օրը նաեւ հանրաքվե անցկացվի՝  ԵՄ միգրացիոն համաձայնագրի վերաբերյալ։

Ո՞վ կստանձնի պատասխանատվությունը

Ուղիղ մեկ տարի է  Վարշավայի Պովշեխնիմ  (Powszechnym )  թատրոնում ներկայացվում է ռեժիսոր Միխալ Զադարայի  «Պատասխանատվություն» պիեսը։  Այն ներկայացնում է լեհ-բելառուսական սահմանին տեղի ունեցող դեպքերը՝  հարցադրումներ անելով։  Պիեսը հղում է անում Ժնեւի համաձայնագրին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, Լեհաստանի Սահմանադրությանն ու օրենքներին՝  ցույց տալու համար, որ խախտվել են մարդու իրավունքները։

  Դերասանները հիշեցնում են, որ բոլորը լսել  են փախստականների մահերի, սովահարության, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին։ 

Բայց արդյո՞ք լինելու են պահանջատեր, որ  իշխանությունները, մասնավորապես  Լեհաստանի Ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին պատասխան տա անօրինական որոշումների համար։

Սպասելով աշնանը

«Օրենք և արդարություն» իշխող կուսակցությունը դեմ է ԵՄ համաձայնագրին՝ ասելով, որ Լեհաստանն արդեն ընդունել է ավելի քան մեկ միլիոն մարդու, ովքեր փախել են Ուկրաինայի պատերազմից և չպետք է վճարի, եթե հրաժարվի ապաստան տալ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից փախստականների ։

«Օրենք և արդարություն»   կուսակցության առաջնորդ  Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ  հանրաքվե լինելու է. « Լեհերը պետք է  իրենց խոսքն ասեն այս հարցում»։

Իսկ թե ինչ կասեն Լեհաստանի քաղաքացիները, ցույց կտան ընտրություններն ու  հանրաքվեն։

Կարինե Ասատրյան

  • Լեհաստան այցն ու «Սահմանն ուշադրության կենտրոնում» սեմինարը կազմակերպել է գերմանական ZEIT-Stiftung Ebelin und Gerd Bucerius հիմնադրամը՝ Beyond Borders կրթաթոշակային ծրագրի շրջանակում։