SOS Artsakh-ի մասնակիցներն ամփոփեցին 24֊ժամյա նստացույցը ՄԱԿ֊ի գրասենյակի դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինSOS Artsakh նախաձեռնության մասնակիցներն ամփոփեցին 24-ժամյա նստացույցը ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց։
Մեկ րոպե լռությամբ նրանք հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը։ Այնուհետև ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը իր ելույթում ասաց, որ զինվորները չեն զոհվել հանուն ոչնչի։ Դիմելով ՄԱԿի ներկայացուցչությանը Հայաստանում՝ նա նշեց, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը հիմնվում է նաև ազգերի ազատ ինքնորոշման վրա։ Հավելեց, որ Արցախի ժողովուրդը ոչնչով պակաս չէ մյուս ազգերից, ովքեր օգտագործելով ազատ ինքնորոշման իրավունքը՝ ստեղծել են պետություն։
Նա մեջբերեց 2008 թվականը, երբ ՄԱԿ-ը քննում էր Կոսովոյի հարցը, խորհրդատվական եզրակացությունը հստակ էր, և միջազգային իրավունքը զարգացրել է ազատ ինքնորոշման իրավունքը հարգելու ճանապարհով և տարածքային ամբողջականության սկզբունքով։ Նրա խոսքով՝ «դրան այսօր հղում է անում Ադրբեջանը, և նրա բարեկամ ՔՊ-ական իշխանությունը, և որևէ կերպ չեն արգելում ժողովուրդներին իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը»։
Հիշեցրեց, որ Ադրբեջանը ուժ է կիրառել 2020 թվականին, այսօր, բայց մինչև հիմա անպատիժ է։ Հարց ուղղեց ՄԱԿ-ի գրասենյակին՝ ինչո՞ւ չեն պատժում Ադրբեջանին իրենց իսկ խոսքերը ոտնատակ անելու համար։ Մի՞թե Ադրբեջանի շանտաժը, նավթը ավելի հզոր է, քան 120 հազար մարդու կյանքը։ Նա հորդորեց խոսքից անցնել գործի և հստակ դատապարտել ադրբեջանական ագրեսիան։
Այնուհետև դիմելով Հայաստանի իշխանություններին, միջազգային կառույցներին՝ ասաց, որ նրանք չունեն իրավունք՝ ստորագրելու փաստաթուղթ։ Եվ այսօր Ադրբեջանի ճնշման տակ ձեռք բերված ցանկացած փաստաթուղթ չեղարկվելու է։
Խոսքը եզրափակեց նրանով, որ որևէ իշխանություն հավերժ չէ, ազգն է հավերժ, հորդորեց չանեն հայտարարություն, որը հետագայում կօգտագործվի հայերի դեմ։