Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Պաշտոնական

Սիրիահայ գործարարը Երևանի Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց

Սիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր կնոջ՝ Անժել Չեմպէրճեանի, Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց։
 
«Տեղեկացնենք, որ սույն ձեռագիրը բացահայտվել էր Վիեննա Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում։
 
Նոր ձեռագրական միավորը խազագրյալ Շարակնոց է, որը գրչագրվել է Բաղեշի Ամ գյուղում (գրիչ՝ Հովհաննես քահանա)։ Մինչ օրս ձեռագրական աղբյուրներում Ամ գյուղը հիշատակվել է ընդամենը մեկ անգամ՝ առանց հստակ տեղորոշման։
 
Այստեղ 1497 թվականին կրկին Հովհաննես գրիչն ընդօրինակել է մի Ավետարան, որը ևս պահվում է Մատենադարանում։ Մատենադարանին ընծայված այս նոր մատյանը, փաստորեն, ոչ միայն նույն գյուղում միևնույն գրչի ստեղծած՝ մեզ հայտնի ամենավաղ նմուշն է, այլև միակը, որի գլխավոր հիշատակարանում Հովհաննես գրիչը ստույգ տեղորոշում է Ամ գյուղը՝ Բաղեշ գավառում։
 
Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Գաբրիել Չեմպէրճեանին՝ արժեքավոր ընծայաբերման և ձեռագրական ժառանգության համալրման գործում ունեցած ներդրման համար»,- հայտնում են Մատենադարանից։