Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետը Դեբետ գյուղում մասնակցել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի բացմանը (տեսանյութ)

«Այո, սա մի նոր տեղ է, որը համայնքինն է, յուրաքանչյուրինն է, որն իր օգուտներն է բերելու Լոռվա մարզի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության զարգացման գործին։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ օգնում են իմանալ ավելին»,- իր խոսքը եզրափակել է վարչապետը: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում տեղակայված «Կոնցեպտ» հյուրանոցը, համագումարների կենտրոնը կծառայեն որպես հանգստի, մասնագիտական և հասարակական միջոցառումների վայր՝ այդպիսով ապահովելով Լոռիում ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերի շարունակականությունն ու ընդլայնումը։ «Արդեն քսան տարի է՝ ՔՈԱՖ-ն իր գործունեությամբ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի գյուղական համայնքներում։ ՔՈԱՖ «Կոնցեպտի» մեկնարկով մենք ոչ միայն քաղում ենք մեր երազանքի պտուղները, այլև կերտում նոր ապագա։ Այն մեր թիմի յուրաքանչյուր անդամի ունեցած հզոր ներուժի արդյունքն է, որն ամեն անգամ գործի է դրվում միասնականության և նորարարության շնորհիվ։ Սա ավելին է, քան ուղղակի կառույց․ այն հույսի փարոս է, մեր ընդհանուր երազանքների խորհրդանիշն ու դեպի լուսավոր ապագա ուղին»,- բացման իր խոսքում ասել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը։ Դեբետում հազարավոր այցելուների հյուրընկալած ՔՈԱՖ փառատոնն իր շուրջն է համախմբում Հայաստանի երաժշտական տաղանդներին, մարզաբնակ արտադրողներին և արհեստագործներին։ Այն անցկացվում է «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ։ Փառատոնի ընթացքում 30-ից ավելի մարզաբնակ ձեռներեցներ, որոնցից շատերը ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի շահառուներ են, ցուցահանդեսային հատվածում ներկայացնում են իրենց արտադրանքը։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու և ձեռք բերելու թեյեր ու գյուղմթերք, հագուստ, խնամքի և կոսմետիկ պարագաներ, ձեռագործ տարբեր իրեր՝ պայուսակներ, հուշանվերներ, ինչպես նաև ժամանցային ծառայություններ: