Հիմա առավել քան կարևոր է սեր, ջերմություն և ապագայի հանդեպ հույս տալ արցախցի երեխաներին․ Նունե Մանուկյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4–ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ:
«Ա1+»-ը զրուցել է փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի հետ։
–Տիկին Մանուկյան, այս տարի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը անց է կացվում արդեն 19-րդ անգամ և առաջին իսկ փառատոնից հիշվել է հետաքրքիր ֆիլմերի ցուցադրությամբ ու հայտնի արվեստագետների այցով և դարձել սպասված իրադարձություն, և ոչ միայն երեխաների ու պատանիների համար։ Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել այս տարի։
–Եթե անկեղծ ասեմ, դեռ մի քանի օր առաջ մտածում էինք՝ արժի՞ արդյոք այս տարի անցկացնել փառատոնը, թե ոչ, քանի որ նորից հայտնվել ենք ծանր իրավիճակում։ Տեղահանվել է ողջ արցախահայությունը, որոնցից 30 000-ը երեխաներ են՝ մեր ապագան։ Հետո հասկացանք, որ հիմա առավել քան կարևոր է սեր, ջերմություն և ապագայի հանդեպ հույս տալ արցախցի երեխաներին։ Եվ հենց այդ պատճառով որոշեցինք, թեև ծանր օրեր են, սակայն փառատոնը պետք է անցկացնենք և անցկացնենք «Դեպի հույս» խորագրով։ Անցկացնենք, ներգրավելով ու մասնակից դարձնելով Երևանում և Հայաստանի չորս մարզում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում, որտեղ կլինեն ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ, բնակություն հաստատած արցախցի երեխաներին, նաև պատանիներին։ Փառատոնից հետո էլ մտածում ենք շարունակել նրանց ներգրավել նոր միջոցառումներում, որը, կարծում եմ, որոշ չափով կօգնի նրանց ինտեգրմանը։
–Իսկ ինչպե՞ս եք կապ հաստատել արցախցի երեխաների հետ, որպեսզի իրազեկեք ու հրավիրեք փառատոնի բացմանը, տարբեր միջոցառումների, կինոդիտումների։
–Կապ ենք հաստատել՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների, մասնավորապես «Վորլդ Վիժն Հայաստան», նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ։ Համագործակցում ենք և այն դպրոցների տնօրինության հետ, որտեղ արդեն սովորում են արցախցի երեխաները։
–Տիկին Մանուկյան, ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու այս փառատոնին։
–Քանի որ այս տարի նշում ենք Հայ կինոյի 100-ամյակը, փառատոնը ևս անմասն չի մնացել կարևոր հոբելյանից։ Հատուկ ցուցադրություններից է «Հայկական ֆիլմերի համայնապատկեր-100» ծրագիրը՝ 12 հայկական ֆիլմեր, այդ թվում բոլորիս կողմից սիրված հին ու բարի մուլտֆիլմերը՝ «Աղվեսագիրք», «Գտնված երազ», «Կախարդական Լավաշ» «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...», «Կիկոս», «Ձախորդ Փանոսը», «Մկների ժողովը», «Պույ-Պույ»։
Նշեմ նաև, որ այս տարի շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից որոնք և ներկայացված են մրցութային և ոչ մրցութային անվանակարգերում:
Ի դեպ, բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր՝ 2021-ին «Օսկար» մրցանակաբաշխությանը առաջադրված «Մարդագայլեր», «Բել և Սեբաստիան․ նոր սերունդը», «Անգամ մկները դրախտում տեղ ունեն», «Գլխարկ», «Դե լավ, հաջողություն», ինչպես նաև աշխարհահռչակ Գարրի Բարդինի «Ավազարկղ»-ը և «Ավե Մարիա»-ն:
«Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգում ընդգրկված են չորս՝ մասնավորապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների «Դանթեի Աստվածային կատակերգություն», «Այբ» դպրոցի աշակերտների «Մի կտոր երևանցին», Մարինա Սոլոյանի «Գետը հոսում է, և աղջիկն ապրում է» և Աղավնի Ղազարյանի «Դրամատիկ» ֆիլմերը։
–Մրցութային ի՞նչ անվանակարգեր եք սահմանել այս անգամ, և ո՞վ է ժյուրին։
–Անվանակարգերն անփոփոխ են։ «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն երկարամետրաժ խաղարկային ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգերում, որպես ժյուրի հանդես կգան Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի Երևանի մասնաճյուղի սաները։ «Լավագույն երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» ավանակարգերի ժյուրին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներն են Երևանից, Գյումրիից, Բերդից և Ստեփանակերտից։ «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգի ժյուրին Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան համար 199 հիմնական դպրոցի աշակերտներ են։
Նշեմ նաև, որ արդեն երկար տարիներ փառատոնը համագործակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ։ Այս տարի ևս ավանդաբար շարունակվում է, նաև սկիզբ է առել համագործակցություն Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ։ Եվ փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը, որտեղ ներկայացված են յոթ խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, իսկ ժյուրին՝ «Աքսիոմիա» Հասարակական կազմակերպությունն է։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն նաև ֆրանսիական ֆիլմերի կինոդիտումներ Երևանում, Տավուշում և Գեղարքունիքում:
Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը 2017-ից համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ և հատուկ ծրագրերի շրջանակներում այս տարի
իրականացվող ծրագիրը կկրի «Վիշեգրադ+Հայաստան. միջմշակութային երկխոսության նոր հնարավորություններ» խորագիրը: Այս ծրագրի շրջանակներում կլինեն Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից և Հայաստանից ներկայացված 15 ֆիլմերի կինոդիտումներ։
–Որտե՞ղ են անցկացվելու կինոդիտումներն ու փառատոնում ընդգրկված միջոցառումները։
–Ինչպես միշտ «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ, ի դեպ բացի կինոդիտումներից կկայանա փառատոնի բացման և փակման արարողությունները։ Նաև Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, «ԱՅԲ» դպրոցում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Նարեկացի արվեստի միությունում, «Երևակ» կրթահամալիրում, որտեղ ցուցադրվելու են լավագույն փառատոնային անիմացիոն և խաղարկային ֆիլմերը, նաև անցկացվելու են ստեղծագործական հանդիպումներ և աշխատարաններ։ Ֆիլմեր կցուցադրվեն նաև Գավառի մանկատանը և Տավուշի թեմի առաջնորդարանում։ Իսկ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի և Գյումրիի մասնաճյուղերում ֆիլմերի ցուցադրություններից բացի կանցկացվեն «Վիշեգրադը հայ երեխաների աչքերով» խորագրով երեխաների ստեղծած աշխատանքների ցուցահանդես-մրցույթ։
–Տիկին Մանուկյան, կայի՞ն արդյոք կազմակերպչական խնդիրներ։
–Գիտեք ամենածանր խնդիրը, թերևս բարոյա-հոգեբանականն էր։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն վարկյան ինչ-որ բան է պատահում, ինչ-որ բան է փոխվում և վաղվա օրը պլանավորելը շատ դժվար է։ Իսկ, եթե չես կարող պլանավորել, չես կարող իրագործել։ Նման միջոցառումները պլանավորվում են մեկ տարի առաջ։ Նախկինում արդեն մեկ տարի առաջ մենք գիտեինք, թե ովքեր են գալու, ինչ միջոցառումներ ենք անցկացնելու։ Կան նաև ֆինանսական խնդիրներ։ Բայց փորձում ենք հաղթահարել։ Հաջորդ տարին հոբելյանական է՝ քսաներորդը։ Հուսով եմ, որ մեր երկրում այսօր տիրող ծանր իրավիճակից կկարողանանք դուրս գալ և «Դեպի հույս» խորագիրը իրականություն կդառնա։