Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_038A6185
A A
Մշակույթ

«Աստղերը տեղադրելով՝ մենք նրանց անունները հավերժացնում ենք»

«ՌեԱ» միազգային 15-րդ փառատոնի շրջանակում «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրվեց հայ անիմացիայի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։

Անվանական հուշաստղերի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Վալենտին Պոդպոմոգովի հարազատները։

ՌեԱնիմանիա» միջազգային 15-րդ կինոփառատոնը այս տարի նվիրված է հայ կինոյի 100 և հայկական անիմացիայի 85-ամյակներին։

Լև Ատամանովը «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմի հեղինակն է, որը նկարահանել է 1938 թվականին։ Տաս տարի անց՝ «Կախարդական գորգը»։

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովը 1960-ականներին աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում և իր մեծ ավանդն ունի հայկական մուլտֆիլմի կայացման գործում:

«ՌԵԱնիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին միջոցառման իր խոսքում ասաց, որ եթե այս ռեժիսորների անունները մշտապես նշում ենք և հիշում նրանց թողած ժառանգությունը, ապա աստղերը տեղադրելով մենք նրանց անունները հավերժացնում ենք։

«Մենք հավերժացնում ենք վարպետների անունները և նրանց ճանաչելի դարձնում ոչ միայն մեր հայրենակիցների և քաղաքի բնակիչների, այլև քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկներին շրջանում։ Լև Ատամանովն ու Վալենտին Պոդպոմոգովը հայկական անիմացիայի հիմնադիրներն են, ու եթե չլինեին նրանք, մենք այսօր չէինք ունենա այսօրվա անիմացիան։ Գուցե տարօրինակ թվա, բայց ամեն երկիր չէ, որ ունի անիմացիոն պատմություն, իսկ մենք ունենք, այն էլ՝ 85- ամյա, և դա հենց այս մարդկանց շնորհիվ»։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանի հավելմամբ՝ խորհրդանշական է, որ հայկական անիմացիայի ակունքներում կանգնած մարդկանց հուշաստղերը բացվեցին այս հոբելյանական

տարում. «Նրանք հենց հայկական անիմացիայի հիմնադիրներն են, որոնց թողած ժառանգությամբ մենք հպարտանում ենք։ Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն տևական ժամանակ վերականգնում է նաև այս վարպետների անիմացիոն ֆիլմերը, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, թե անիմացիոն ինչպիսի պատմություն ունենք, ինչ դեր ունի հայկական անիմացիան միջազգային անիմացիոն կինոյի ոլորտում»։

Ի դեպ, փառատոնն ունի հատուկ հայկական անիմացիոն ֆիլմերին նվիրված հատված՝ «Ռետրոսպեկտիվ» ցուցադրությունները, որոնք այս տարի նվիրված են հայ անիմացիոն արվեստի լեգենդներից վեցին՝ Լև Ատամանովին, Վալենտին Պոտպոմոգովին, Ռաֆայել Բաբայանին, Ստեփան Անդրանիկյանին, Ռոբերտ Սահակյանցին և Յուրա Մուրադյանին։

Բոլոր ցուցադրությունները լինելու են «ԹՈՒՄՈ» կենտրոնում։