Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Հայաստանյան OnOff անիմացիոն ստուդիան համագործակցության հուշագրեր կնքեց ֆրանսիական և լիտվական առաջատար ընկերությունների հետ

Հայաստանի ազգային կինոկենտրոնում «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում առաջին անգամ OnOff անիմացիոն ստուդիան համագործակցության հուշագրեր է կնքեց միանգամից երկու միջազգային ընկերությունների հետ՝ մուտք գործելով միջազգային համարտադրության հարթակ։

OnOff-ի առաջին հուշագիրը կնքվեց լիտվական Broom Films-ի հետ՝ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «ԶԱԿՈ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համարտադրության նպատակով։

Հայկական անիմացիայի պատմության մեջ այս ձեռքբերումը նոր նշաձող է, որը կնպաստի անիմացիոն կինոարվեստի զարգացմանն ու դրանում Հայաստանի ուրույն դիրքերի ամրապնդմանը։

Հուշագիրը ստորագրելու են OnOff ստուդիայի գործադիր պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանը և Broom Films-ի պրոդյուսեր Յուստե Միխայլինայտեն։

Երկրորդ հուշագիրը կքնվեց ֆրանսիական առաջատար TCHACK ընկերության հետ։

Հուշագրի շրջանակում հայկական և ֆրանսիական ըկերությունները համագործակցելու են «Կեցցեն տոները» կարճամետրաժ և «Մարիամ և Վարտո» լիամետրաժ ֆիլմերի համարտադրության ուղղությամբ։

Ֆիլմերի հեղինակը Գորյուն Ապրիկյանն է, ով նաև համառեժիսոր է Լուչիանո Լեպինայի հետ:

Հուշագիրը ստորագրեցին OnOff ստուդիայի գործադիր պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանը և TCHACK-ի պրոդյուսեր Բարբարա Վունյոնը։

«Անիմացիա ստեղծելը բարդ է, Հայաստանում՝ կրկնակի ավելի բարդ, համարտադրության մշակույթը մի փոքր ավելի ուշ է զարգանում այստեղ։ Փառատոները կարևոր կամուրջ են մասնագետների, արտադրողների, ռեժիսորների, բեմադրողների միջև,  քանի որ այստեղ հանդիպում են, քննարկում են, ներկայացնում են իրենց նախագծերը։ Իսկ լավագույն նախագծերը ձեռք են բերում գործընկերասացներ»,- ասաց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։ Նա նշեց նաև, որ Ազգային կինոկենտրոնի աջակցության շնորհիվ ոլորտը ավելի արագ է սկսել զարգանալ։