Բացել լրահոսը Փակել լրահոսը
Topchyan-Eduard
A A
Մշակույթ

Չունեմ Ինստագրամ ու ինքս իմ գնահատականը չեմ տալիս․ Էդուարդ Թոփչյան

Զգացմունքների պայքար, շեքսպիրյան կրքեր և դրամատիկ հանգուցալուծում։ Հայաստանում հազվադեպ հնչող Ջուզեպպե Վերդիի ժառանգության գագաթնակետերից մեկը համարվող «Պարահանդես-Դիմակահանդես» օպերան կհնչի Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Ձայնի պահպանման մասնագիտական դպրոցի երգչախմբի մասնակցությամբ։

Գլխավոր դերերգերը կկատարեն հրավիրյալ անվանի երգիչներ։ Երգիչներ, որ պարոն Թոփչյանի խոսքով, լսում են ամեն «տառը», որ իրենց ասում են։

«Արդեն մի քանի փորձ ենք ունեցել այս հրաշալի նվագախմբի ու հրաշալի դիրիժորի հետ»,- ասում է տենոր Մարսելո Պուենտեն և նշում, որ չնայած Հայաստանում առաջին անգամ է, սակայն քանի որ արգենտինացի է, իսկ Արգենտինայում կա մեծաթիվ հայ համայնք, լավ ծանոթ է միջավայրին, ունի շատ հայ ընկերներ, ծանոթ է թե պատմությանը, թե խոհանոցին։

 Բարիտոն Բոգդան Բաչուն ևս առաջին անգամ է Հայաստանում և սա իր առաջին համագործակցությունն է նվագախմբի հետ։ Ինչպես և Մարսելոն, Բոգդանը հիացմունքով է խոսում նվագախմբի և դիրիժորի մասին։

Իհարկե, համերգային կատարման և ներկայացման տարբերությունները մեծ են, ասում է մաեստրո Թոփչյանը՝ չկան դեկորներ, հատուկ կոստյումներ, սակայն կա, թերևս ամենակարևորը՝ երաժշտությունը, որն իր համար կարևորագույնն է։ «Ես սիրում էի ոչ թե Կլաուդիո Աբադոյի ներկայացումը նայել, այլ ձայնագրությունը լսել, որտեղ մանրամասն ամեն նոտան լսվում էր»։

Էդուարդ Թոփչյանը համոզված է, որ Օպերան սիրողի ու հասկացողի համար անշուշտ կարևորը լսելն է, ոչ թե դիտելը։

«Հասկանում եմ, որ դարը շատ-շատ է փոխվել,հաճախ իմ մտքերի տեղը, նույնիսկ, էս դարում ես չեմ գտնում։ Չունեմ Ինստագրամ ու ինքս իմ գնահատականը չեմ տալիս, միգուցե դա այսօր սխալ է, բայց դա չի խանգարում ինձ ապրել ու իմ գործը անել։ Հայաստանում ես աշխատում եմ հանուն այն շատ քիչ մարդկանց, ովքեր երաժշտությունը հասկանում ու սիրում են։ Գիտեմ, որ դա կազմում է 0,01 տոկոսը։ Որ ասում են, թե այդ դեպքում ինչի համարա, նրա համար, որ Հայաստանը ունենա էս կարգի նվագախումբ, որը նույնիսկ Հայաստանի քաղաքականության համար շատ կարևոր է»։

Վերդիի ‹‹Պարահանդես-դիմակահանդես›› օպերայի համերգային կատարումը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում, նոյեմբերի 3-ին, Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։