Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրենք և պատշաճ կարգով կարձագանքենք․ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման արդյունքներով ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին:
«Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, իմ թանկագին բարեկամ և ընկեր,
Ձերդ գերազանցություն,
հարգելի՛ ներկաներ,
Ուրախ եմ ողջունել պարոն նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս այցը կարելի է համարել մեր երկկողմ շփումների ընթացիկ տարին ամփոփելու համար շատ լավ հնարավորություն, և այս առումով ես պետք է գոհունակությամբ արձանագրեմ մեր համատեղ աշխատանքի կարևոր ձեռքբերումները: Անշուշտ, այցի ընթացքում հնարավորություն եղավ նաև նախանշել այն ճանապարհները, այն կոնկրետ ծրագրերը, որոնց ուղղությամբ պետք է շարժվենք արդեն նաև գալիք տարում:
Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Բարձրաստիճան այսպիսի այցերը հենց այդ հարաբերությունների և այդ հարաբերությունների հենց այդպիսի ընկալման դրսևորում են:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մեր քննարկումներում անդրադարձ ենք կատարել երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և բազմաթիվ այլ բնագավառներ, ոլորտներ: Իհարկե, նշված բոլոր ոլորտները մեզ համար շատ կարևոր են, բայց ընդգծեմ, որ հատկապես ես և իմ հարգելի իրանցի գործընկերը վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու՝ սկզբում տարեկան մեկ, այնուհետև երեք միլիարդ դոլարի հասցնելու պատրաստակամությունը՝ համաձայն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների:
Ընթացիկ կամ անցնող տարում կարևոր ձեռքբերում պետք է համարել «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրի ստորագրումը: Լիահույս ենք նաև, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կտեսնենք և ավարտին կհասցվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարական աշխատանքները:
Նաև կարևորություն եմ ուզում հաղորդել Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի հարթակին, որի հաջորդ՝ 18-րդ, նիստը հնարավորություն կընձեռի ևս նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին և դրանց զարգացմանը:
Անդրադառնալով ենթակառուցվածքային կարևոր նշանակության թեմաներին՝ ուզում եմ ընդգծել, և մենք կարևորել ենք մեր քննարկումներում այսօր, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը: Այս առումով և նաև իրանական ընկերությունների մասնակցության առումով Հայաստանի տնտեսական կյանքում կարևորություն ենք հաղորդել Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում Սյունիքի մարզում իրականական ընկերությունների ներգրավմանը, ինչն ազդարարվեց արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին ԻԻՀ ճանապարհների և տրանսպորտի նախարարի՝ ՀՀ կատարած այցի ընթացքում:
Այս ծրագրերի կարևորությունը, իհարկե, միայն երկկողմ հարթությամբ չի սահմանափակվում: Այս համատեքստում մենք նախարար Աբդոլլահիանի հետ քննարկել ենք նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն ինքնին, ինչպես գիտեք, տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն է և զարգացումը. երկաթուղիներ, խողովակաշարեր, ավտոճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Մեզ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքները:
Հարգարժա՛ն պարոն Աբդոլլահիան,
Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ տարածաշրջանային հաղորդակցային ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունը, մոտեցումները լիովին համահունչ են: Եվ այս առումով մենք կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում, որը մեկ անգամ չէ, որ դրսևորվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից:
Հարգելի ներկաներ,
Ես գործընկերոջս և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացրել եմ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում զարգացումները և մանրամասները: Մենք կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական կայուն խաղաղություն ունենալուն: Անդրադարձ ենք կատարել նաև Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս գործընկերների աջակցությանն այս խաղաղության գործընթացին:
Նախարար Աբդոլլահիանին ներկայացրել եմ նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հարձակումները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը՝ հոգալու բռնի տեղահանված անձանց, փախստականների, 100 հազարից ավելի մարդկանց կարիքները:
Ամփոփելով՝ կուզենայի առանձնացնել նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յուրօրինակ դերը՝ որպես երկկողմ և բազմակողմ երկխոսության և համագործակցության հարթակ: Օրեր առաջ վերջին իրադարձությունն այս հարթակի տեղի ունեցավ Թեհրանում, և այժմ մենք քննարկում ենք հաջորդ հանդիպումը Երևանում անցկացնելու հնարավորությունը: Առհասարակ, ես առավելապես խոսեցի երկկողմ հարաբերություններից, բայց ուզում եմ ասել, որ մեր համագործակցությունը, ինչպես այս հարթակի դեպքում, ամենևին չի սահմանափակվում երկկողմով: Մեր համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում, կան մի շարք եռակողմ հարթակներ, որոնց իրականացման և կյանքի կոչման ուղղությամբ և՛ մենք և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործադրում ենք ջանքեր և պատրաստակամ ենք միմյանց նաև այդ հարթանկներում տեսնել:
Մեծարգո՛ գործընկեր, պարո՛ն Աբդոլլահիան,
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքն ու պատրաստակամությունը հաստատակամորեն խորացնել ջերմ և բարիդրացիական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ»: