Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կլուծվեն քաղաքական կամքի առկայության դեպքում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի մեջ փորձարկված դաշնակցային կապը փոխում է անգամ ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում:

Ըստ Լավրովի՝ արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և, ընդհանուր առմամբ, նրանց խնդիրն է Հարավային Կովկասից դուրս մղել Մոսկվային։

Լավրովը նաև խոսել է Հայաստանում գտվող 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին՝ նշելով, որ դրա նպատակահարմարության մասին մտածելը վնասակար է։

«Վնասակար ենք համարում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ դատողությունները։ Այն այնտեղ տեղակայելու մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հենվելով առաջին հերթին ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր խնդրի վրա»,- ասել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ այսօր ՌԴ զինվորականները այդ տարածաշրջանում խաղաղության ապահովման առանցքային տարրն են:

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը գիտակցում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման պատճառով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետական ինքնիշխանության կորստի սպառնալիքը,  հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հուսով եմ` Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Ընդգծելով, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և նրա զինվորականները վերապատրաստումներ են անցնում Հյուսիսատլանտյան բլոկի մի շարք երկրներում՝ Լավրովն ասել է՝ սա չի կարող Մոսկվային չանհանգստացնել։

«Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է և «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը»,- եզրափակել է Լավրովը։