Նիկոլ Փաշինյանի ուղերձը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին
Աջակցիր «Ա1+»-ինԵվրասիական տնտեսական միությունում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին։
«2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ԵԱՏՄ մարմինների նախագահությունը, որում յուրաքանչյուր պետություն առանցքային դեր ունի տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման գործում։
Հայաստանի Հանրապետության նախագահությունը համընկնում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյա հոբելյանի հետ։ ԵԱՏՄ տասը տարվա գործունեության ընթացքում զգալի արդյունքներ են ձեռք բերվել փոխգործակցության բոլոր ոլորտներում։ Միաժամանակ մնում են ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, առանց որոնց լուծման հնարավոր չէ ավարտին հասցնել արդյունավետ միասնական տնտեսական տարածքի ձևավորումը։
Միայն ջանքերի համատեղմամբ ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան ապագա սերունդների համար ստեղծել տնտեսական համագործակցության է՛լ ավելի կայուն մոդել՝ առանց քաղաքական կամ աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ կապվածության։
Համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը պահանջում է տնտեսական փոխգործակցության սկզբունքների և գործիքների վերանայում։ Այս պայմաններում մենք պետք է առավելագույն ջանքերը գործադրենք ԵԱՏՄ-ի լիարժեք գործունեությունն ապահովելու համար՝ ելնելով մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի շահերից։
Ուզում եմ ընդգծել ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար ընդունված «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի կարևորությունը, որը ձևակերպել է ԵԱՏՄ-ի զարգացման առաջնահերթ ուղղությունները։
Այս տարի մեր առաջ կարևոր խնդիր է դրված՝ գործողությունների ծրագրի մշակում, որը կբացահայտի Հռչակագրի իրականացման կոնկրետ մեխանիզմները, որը մեծապես կորոշի ԵԱՏՄ ռազմավարական զարգացումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության տարում, մասնավորապես, կցանկանայի ուշադրություն հրավիրել ԵԱՏՄ-ի համար մի շարք կարևոր խնդիրների լուծման անհրաժեշտության վրա։
Առաջնահերթ ուղղություններից է էներգետիկ անվտանգության ապահովումը։ Էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ առանց խտրականության գործելու սկզբունքներով, պետք է դառնա ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը։
Համաշխարհային տնտեսական մարտահրավերների և մեր երկրների ագրոարդյունաբերական համալիրի զգալի ներուժի պայմաններում մեծապես կարևորում եմ ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովումը։
Բնակչության համար բարձրորակ և անվտանգ սննդամթերքի կայուն հասանելիության ապահովումը ԵԱՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչն է։ Անհրաժեշտ եմ համարում շարունակել աշխատանքը ավելի կառուցվածքային և առարկայական օրակարգի մշակման ուղղությամբ, որը հիմնված կլինի հնարավոր ճգնաժամերի պայմաններում սննդի առաջնահերթ մատակարարումների սկզբունքի վրա։
Տնտեսական փոխգործակցության հիմնական տարրը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտն է: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը, մաքսային ընթացակարգերի բարելավումը և արդյունավետ լոգիստիկ շղթաների ստեղծումը նպաստում են ապրանքների և ծառայությունների փոխանակման արագացմանը, առաքման ժամանակի կրճատմանը, ծախսերի և կորուստների նվազմանը և շուկայի հասանելիության բարձրացմանը:
Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ աշխարհագրական դիրքի տարանցիկ ներուժը և հնարավորությունները՝ արտաքին շուկաներ դուրս գալու համար, որոնք այս փուլում դեռ բավարար չափով չեն օգտագործվում անդամ երկրների կողմից։ Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և երրորդ երկրներ ապրանքների արտահանման ուղղությամբ՝ առավելագույնս գործի դնելով միջազգային կազմակերպությունների և միջազգային զարգացման ինստիտուտների հետ հարաբերությունների ներուժը։
Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» հեռանկարային նախագծի հաջող իրականացումն էական դեր կխաղա եվրասիական միջազգային տրանսպորտային ուղիներով տարանցիկ փոխադրումներ ապահովելու նախանշված նպատակներին հասնելու գործում։
«Խաղաղության խաչմերուկը» կարող է կապել մեր տարածաշրջանի երկրները ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթգծով, մալուխներով, գազատարներով և էլեկտրահաղորդման գծերով։
Կարծում եմ՝ սկզբունքորեն կարևոր է վստահության մակարդակի ամրապնդումը։ Ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է կատարելագործել մաքսային կարգավորումը՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան, ԵԱՏՄ մաքսային տարածքով անդամ երկրների կողմից փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսային և պետական վերահսկողության այլ տեսակի միջոցների օգտագործումը նվազագույնի հասցնելը և միասնական մաքսային տարանցիկ համակարգի ներդրումը և զարգացումը։
Բացարձակ առաջնահերթություն է փոխադարձ առևտրի համար գոյություն ունեցող խոչընդոտների լիակատար վերացումը։ Պետք է ուշադրություն դարձնել նաև այն խնդրահարույց իրավիճակներին, որոնք չեն որակվում որպես խոչընդոտ, բայց բացասաբար են ազդում ներքին շուկայի վրա։
Միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի որոշ դրույթներ թույլ են տալիս անդամ երկրներին կիրառել միակողմանի սահմանափակող միջոցներ, որոնք հանգեցնում են ԵԱՏՄ ներքին շուկայի քայքայման և բիզնեսի ներկայացուցիչների համար դժվար կանխատեսելի պայմանների ձևավորման։ Կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 29-րդ հոդվածը դոգմատիկ չէ, և պետք է հարմարեցվի ժամանակակից իրողություններին և տնտեսական գործունեության պայմաններին։
ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Սա մի կողմից մարտահրավեր է Հայաստանի համար, մյուս կողմից՝ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։ Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտային, տարանցման և վարչարարության անխափանությունը, ապա հնարավորություն կունենանք խորացնել հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ, ինչը հիմնական անհրաժեշտություն է ԵԱՏՄ-ի ապագա զարգացման և ամրապնդման համար։
Երբ խոսում ենք հասարակության բարեկեցությունն ապահովելու համար հետագա տնտեսական փոխգործակցության հրամայականի մասին, անհրաժեշտ է հաշվի առնել այն կարևոր դերը, որը վերապահված է թվայնացմանը, որը դառնում է Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման առանցքային շարժիչ ուժը։
ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի վերաֆորմատավորման հարցը գնալով ավելի արդիական է դառնում։ Ռազմավարական փաստաթղթերում արդեն ուրվագծվել են հարթակային լուծումներին անցնելու համար անհրաժեշտ քայլերը։ Տվյալ համատեքստում կարևոր է հստակորեն սահմանել վերազգային կարգավորողի դերը: Ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում այն բանում, որ լայնածավալ նախագծի «հավաքման կետ» դառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հարցը։
Տնտեսական շահերը խթանելու համար առանձնահատուկ նշանակություն եմ տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնմանը։ Դիտորդ պետությունների ներգրավումը համատեղ նախագծերի իրականացման գործում, շահագրգիռ երրորդ երկրների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մեր ստանձնած պարտավորություններին համապատասխան, ոչ միայն կնպաստի փոխադարձ առևտրի աճին, այլև կբարձրացնի մեր երկրների ներդրումային գրավչությունը։
Մասնավորապես, իր աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ լիաֆորմատ համաձայնագրի հետագա գործնական իրականացմանը։ Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործողության փորձը հստակ ցույց է տվել իրանական շուկայի գրավչությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը շուտով թույլ կտա հասնել վերջնական փուլին և նոր խթան կհանդիսանա համաշխարհային տնտեսության մեջ ԵԱՏՄ-ի ինտեգրման համար։
Նաև ողջունում եմ Հնդկաստանի հետ տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, աշխատանքի շարունակումը այնպիսի առաջնահերթ և հեռանկարային ուղղություններով, ինչպիսիք են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը։
Միավորման արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից է համակարգված և նպատակաուղղված աշխատանքը՝ ուղղված նրա ինստիտուցիոնալ, կազմակերպչական ու իրավական հիմքերի մշտական կատարելագործմանը` իրավակիրառական պրակտիկայում հայտնաբերված բացերը վերացնելու և առաջացող խնդիրների արագ լուծման նոր մեխանիզմների մշակման միջոցով: ԵԱՏՄ անդամ երկրների հարկատուները պետք է տեսնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության շոշափելի արդյունքները և զգան փոխգործակցության և տնտեսական համագործակցության առավելությունները։
Այս նախաձեռնությունների լիարժեք իրականացման համար կարևոր դեր ունի հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներդաշնակ և արդյունավետ աշխատանքը։
Այս առումով անհրաժեշտ եմ համարում բարձրացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ կադրերի ընտրության և ֆունկցիոնալության մշտական կատարելագործման միջոցով։
Համոզված եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում իրավահավասար համագործակցության զարգացումն, ի վերջո, պետք է ծառայի բիզնես վարելու համար հարմարավետ պայմանների ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը։ Ակնկալում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համագործակցությունն ու աջակցությունը՝ 2024 թվականին Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում»։