Այդ թվերի հետ կապված տասնյակ մանիպուլյացիաներ կան , հիմա տեխնիկան այնքան է զարգացել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ: Նշվել է նաև, որ 2023թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացվել է փորձնական գյուղատնտեսական հաշվառում, իսկ հիմնական համատարած հաշվառումը, որը թվով 2-րդն է ՀՀ-ում, կանցկացվի 2024թ. հոկտեմբերին: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական գործընթացի և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և նշել. «Մենք ինչի՞ պետք է համայնքին զանգենք, ասենք՝ դուք որքա՞ն խաղողի այգի ունեք: Արհեստական ինտելեկտով և օրթոֆոտո պատկերներով տվյալը պետք է գեներացվի և դա արտահայտվի մեր վիճակագրության մեջ, որպեսզի մենք իմանանք այս տարի խաղողի մթերման պոտենցիալ թիվն ինչքա՞ն է, որովհետև գիտենք, որ այդ թվերի հետ կապված տասնյակ մանիպուլյացիաներ կան մի քանի տարբեր նպատակադրումներով, հիմա տեխնիկան այնքան է զարգացել: Նույնն էլ մշակվող և չմշակվող, ոռոգվող և չոռոգվող հողերի մասին է, ենթադրում եմ՝ մենք այս ուղղությամբ պետք է գնանք, որովհետև տվյալները հնարավոր է ճշգրտել մինչև հողի խոնավության աստիճանը և այլն: Հաջորդը՝ օրինակ, մենք ունենք նույն խնդիրը նորմատիվային և գերնորմատիվային հողերի հետ կապված: Սա ինչո՞վ է կարևոր, որ մեզ հնարավորություն կտա պլանավորումը և ռազմավարություններն ավելի հստակեցնել: Օրինակ, գերնորմատիվային հողերի տվյալների վերաբերյալ եթե վստահ լինենք, կարող ենք կաթիլային ոռոգման, սուբսիդավորման այլ մեխանիզմ դնել այն հողերում, որտեղ խոնավությունն ավելի շատ է, և այդպես շարունակ: Եթե դա մենք ձեռքով ենք անելու, մեկ է միշտ չարաշահման տեղ է մնալու: Ընդ որում՝ այդ տեխնոլոգիաները կան: Եվ կարծում եմ՝ հրատապության կարգով այս խնդիրը պետք է լուծենք: Չզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք: Այդ ամեն ինչը պետք է արհեստական ինտելեկտի, իհարկե նաև վերլուծությամբ գեներացվի: Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում»: https://a1plus.am/hy/article/467623