Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործը չի վերաբացվի․ Ծովինար Նազարյան
Աջակցիր «Ա1+»-ինԵղբորս՝ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործը չի վերաբացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 2009 թ. բանակում ինքնասպանություն գործած Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:
«Ի գիտություն լայն հանրությանը․
Եղբորս՝ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործը չի վերաբացվի։ Այդ մասին որոշում է ընդունել Վճռաբեկ դատարանը՝ անցած տարվա սեպտեմբերի 1-ին քննելով և մերժելով տուժող կողմիս հայցադիմումը՝ գործը վերաբացել Եվրադատարանի 2022թ նոյեմբերին մեր բողոքով կայացրած վճռի, ինչպես նաեւ դրանում տեղ գտած այլընտրանքային փորձաքննության հիմքով։
Վճռաբեկը մորս չի իրազեկել, իսկ ինձ իրազեկել է միայն սեպտեմբերի 8-ին Բրյուսելում։ Մեր բանավոր հարցումներին, թե արդյոք նիստում վճիռ կայացվել է, պատասխան չենք ստացել մինչեւ որ պաշտոնական նամակ եմ գրել՝ երկու իրավական հիմքեր բերելով։
Անցած ամիս Եվրախորհրդի (փոխ)նախարարների կոմիտեն՝ առանց տեսնելու Վճռաբեկի այդ որոշումը (որը մինչեւ այսօր չի հրապարակվել), այսինքն առանց տեսնելու այդ որոշման հիմնավորումները՝ համաձայնության է եկել Հայաստանի Հանրապետության հետ, որ եղբորս գործով ՀՀ-ը որեւէ կոնկրետ անելիք չունի, դե ՝ բացի ընդհանուր բարեփոխումները բանակում։
Մեր տասնամյակից ավել տեւող պայքարը ոտնատակ տրվեց իրավունքի «հեղափոխական պահապանների» կողմից։ Այս գործով արդարության կայացումը նախապայմաններ կստեղծեր բանակում մարդու իրավունքների բարելավման եւ բանակում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման համար։
Ես հրապարակավ ավելին չեմ խոսում՝ գիտակցություն ունենալով, թե ինչ խոցելի վիճակում են այսօր մեր պետությունն ու բանակը, ինչից (իմ ու մորս գիտակցությունից) լիուլի օգտվեցին մեր գործի տապալումն ապահոված հայ եւ եվրոպացի չինովնիկները՝ իրենց ձեռքերին առնելով եղբորս արյունը։
Գրառումը բաց է լրատվամիջոցների համար, բայց հուսամ այս մի երկու պարբերության պատճենումով իրենց գործն ավարտած չեն համարի։ Ես ավելի վաղ էլ եմ փորձել լրատվամիջոցներին լուր տալ, բայց երկրին պատած աղետների հարահոսի մեջ մի քիչ ես եմ ամաչել, մի քիչ էլ լրատվամիջոցներն են անտարբեր եղել»։