Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_ombuds (4)
A A
Քաղաքականություն

Անահիտ Մանասյանն ընդունել է Քլեր Բեմբրիքի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 5-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)/Հայաստանի առաքելության Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի տնօրենի պաշտոնակատար Քլեր Բեմբրիքի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։

Պաշտպանը հատուկ ընդգծել է Սահմանադրական դատարան դիմումներ և հատուկ դիրքորոշումներ (amicus curiae briefs) ներկայացնելու հետ կապված հաստատության աշխատակիցների հմտությունների կատարելագործման կարևորությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել 2023 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ԱՄՆ ՄԶԳ` Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին, որի նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության խթանման նպատակով ստեղծել արդյունավետ քննարկումների հարթակ:

Անահիտ Մանասյանը հյուրերին ներկայացրել է նաև Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների,

հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Քլեր Բեմբրիքն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: