Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան (2)
A A
Քաղաքականություն

ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում իր իրավասությունից ակնհայտորեն դուրս արարքներով․ Արման Թաթոյան

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական էջով տարածել է իր
աշխատակազմի` Դատական դեպարտամենտի անունից պարզաբանում` փորձելով
պարտակել օրենքի կոպիտ խախտումը` կապված երեկվա, ԲԴԽ-ի ձևակերպմամբ,
«Ամենահայտնի քրեական գործերով» տեսանյութի հետ, որին հենց երեկ
անդրադարձել էի:

Իրականում, ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում իր
իրավասությունից ակնհայտորեն դուրս արարքներով` հանուն քաղաքական
իշխանության շահերի:

Առավել կոնկրետ`իր աշխատակազմ Դատական դեպարտամենտի միջոցով ԲԴԽ-ի
երեկվա արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով
նախատեսված` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական
լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու
կամ լիազորություններն անցնելու հանցակազմ:

Այսինքն` կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում պաշտոնատար անձի
լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական
վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին,
ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության
օրինական շահերին:

Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է տեսանյութը պատրաստելու
հանձնարարականին, այն պատրաստելուն և այդ գործընթացը ղեկավարելուն, որի
արդյունքում էական վնասը պատճառվել է դատական իշխանության հեղինակությանը
և անձի իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին`
հօգուտ քաղաքական իշխանության շահերի:

Փոխարենը` ԲԴԽ-ն զբաղված է անտեղի պարզաբանումներով` վկայակոչելով
դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններր դադարեցումն այն պայմաններում,
երբ յուրայինների կողմից նույն ու ավելի կոպիտ խախտումների դեպքում ոչ միայն
պատասխանատվության միջոց չի ձեռնարկվում, այլ նրանք առաջխաղացումներ են
ունենում:

«Թաթոյան» հիմնադրամ