Հայաստանին և Լյուքսեմբուրգին միավորում են հատկանշական դիմակայունությամբ և վճռականությամբ բնութագրվող պատմական զուգահեռները․ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:
ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի պետական օրհներգերը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է.
«Ձերդ գերազանցություն նախարար Բետել, հարգելի՛ Քսավյե,
Ձերդ Գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ հյուրեր,
Ուրախ եմ վերադառնալ Լյուքսեմբուրգ 2022թ. իմ առաջին այցից ուղիղ երկու տարի անց: Այս տարիների ընթացքում մենք արդեն ձևավորել ենք ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն, բայց այսօրվա իրադարձությունը մեր երկու բարեկամ երկրների հարաբերություններում նոր էջ է հանդիսանում:
Լյուքսեմբուրգում Հայաստանի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը վկայում է հարաբերությունների ամրապնդման և մեր բազմաշերտ համագործակցության արդյունավետ առաջմղման հարցում Հայաստանի հանձնառության մասին: Ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը նաև հարգանքի դրսևորում է այն արժեքներին, որոնք մենք կիսում ենք, և Լյուքսեմբուրգի կողմից վերջին տարիներին ցուցաբերած կարևոր աջակցությանը:
Կարևոր է ընդգծել, որ Հայաստանին և Լյուքսեմբուրգին միավորում են հատկանշական դիմակայունությամբ և վճռականությամբ բնութագրվող պատմական զուգահեռները: Լյուքսեմբուրգը հաջողությամբ հաղթահարել է դժվարությունները՝ ի ցույց դնելով, որ անգամ հակամարտային իրավիճակներում փոքր ազգն ունակ է հարթել իր ճանապարհը դեպի խաղաղություն և բարգավաճում:
Աննախադեպ գլոբալ անորոշություններով նշանավորված այս դժվարին ժամանակներում Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, պետք է դիտարկվի ոչ միայն որպես մեր քաղաքացիների բարգավաճման նախապայման, այլ նաև Եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս՝ ուղղված այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Եվ այս կարևոր ճանապարհին համախոհ գործընկերների հետ իրական համագործակցությունը անգնահատելի արժեք է։
Այսպիսով, եկե՛ք միասին աշխատենք ընդհանուր նպատակների իրականացման ուղղությամբ. միայնակ մենք կարող ենք շատ քիչ բան անել, մինչդեռ միասին՝ շատ ավելին:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել մեզ բոլորիս այս առանձնահատուկ իրադարձության կապակցությամբ։
Շնորհակալություն»: