«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդի ասուլիսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։
Այսօր հրավիրած ասուլիսում շարժման համակարգող Արամ Սարգսյանն ասաց, որ պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը եւ կառավարությունը վաղաժամկետ հրաժարական տան։
«Մենք դրա համար նաեւ հիմնավորում ենք պատրաստել՝ 100 պատճառ, որոնք կհնչեն հանրահավաքում, եւ գրքույկներ կբաժանվեն հանրահավաքի մասնակիցներին։ Եթե կարճ ասեմ, ապա մենք ուզում ենք օգնել Նիկոլ Փաշինյանին, որ նա ազատվի այս պատասխանատվությունից, որն իր ուսերի բեռը չէ, ինքը չի կարող այս բեռը տանել։ Ճիշտ կլինի, որ ժամանակից շուտ հեռանա, հասկանա, որ հետո պատասխանատվություն կրելը շատ ավելի դժվար է լինելու։ Հասկանա, որ այն, ինչ տեղի է ունենալու, երբ իրեն հեռացնեն այդ պաշտոնից, դա արդեն այլ մոտեցում է լինելու իր նկատմամբ։ Դրա համար մենք գտնում ենք, որ եթե ինքն այսօր ինքնակամ հեռանա, շատ ավելի ճիշտ կլինի»,- ասաց նա։
Ըստ Արամ Սարգսյանի՝ հանրահավաքին հրավիրել են մասնակցել նաեւ ԱԺ ընդդիմադիր 35 պատգամավորներին։ Ըստ նրա՝ անվստահության գործընթացը պետք է իրականացվի խորհրդարանում։
«Եվ եթե մեզ վստահի ժողովուրդը եւ մեզ հետ միասին այդ ճնշումը գործադրի, որպեսզի այսօրվա խորհրդարանն ընդունի այդ պահանջը, ապա մենք պատրաստ կինենք այլ քաղաքական ուժերի միասին ձեւավորել մի խորհուրդ, որը կքննարկի ժամանակավոր կառավարության կազմը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում