Բացել լրահոսը Փակել լրահոսը
վվ
A A
Քաղաքականություն

Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար տարածք․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Ներքին Հանդում պարզեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողները տարբեր ժամանակ իրենց դիրքերի [Հայաստանի ներխուժած հատվածներում] անմիջական հարևանությամբ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ: Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են նաև զորավարժություններ գյուղից այնպիսի հեռավորության վրա, որ գյուղի ներսում պարզ լսելի են կրակոցներ ու պայթյուններ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ:
 
Ֆբ-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
 
«Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ, մարդիկ չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել գյուղում, դպրոցի դիմաց են ադրբեջանական դիրքերը, խաթարված է բնակիչների անվտանգ կյանքը:
 
Միայն Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար տարածք, որից՝
1. 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.
2. 170 հեկտար անտառային հողեր.
3. 130 հեկտար համայնքային հողեր:
 
Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:
 
Ու այս պայմաններում, դրել-քննում ենք արդյոք մեր զինվորականները խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը:
 
Չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»,- գրել է Թաթոյանը։
 
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը փաստահավաք այցով գտնվում է Սյունիքի Ներքին Հանդ գյուղում: