Ադրբեջանցի բլոգերը պնդում է, որ Մոսկվայում իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Զեյնալին «Ինստագրամ»-ի իր էջում տեսաուղերձ է հղել՝ հայտնելով, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ոստիկանությունը իրեն ձերբակալել է ու բաժանմունք տարել։
Տեսաուղերձում Զեյնալին հայտարարել է, թե ոստիկաններն իրեն հայտնել են, որ Հայաստանը իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Զեյնալին նաև հայտնել է, որ փետրվարի 21-ին կկանգնի ռուսական դատարանի առաջ։
Բլոգերը նշել է, որ ՌԴ իրավապահները չեն բացառել իրեն Հայաստանին արտահանձնելու հնարավորությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Մոսկվայում Քամիլ Զեյնալիի ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական տեղեկության չի տիրապետում։
Թեմային արձագանքել է նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը՝ նշելով, որ Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան իրավական քայլեր և դիվանագիտական ջանքեր են ձեռնարկում Քամիլ Զեյնալիի իրավունքներն ապահովելու համար։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է ռազմական հանցագործություններ, մասնավորապես գլխատել է խաղաղ բնակչի։