A
A
Դատարանը քննում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ազատ արձակման հարցը. ՈԻՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանը քննեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ազատ արձակման հարցը:
Ցմահ ազատազրկվածի շահերի պաշտպանը նրա կինն է՝ Զարուհի Մեժլումյանը:
1996-ին դաժանորեն սպանված ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովի հարազատները, սակայն կարծում են, որ Մհեր Ենոքյանը չի կարող լինել ազատության մեջ, քանի որ չէր կարող փոխվել:
«1996-2005-2006 թվականները, շուրջ տասը տարի, կարծես թե գտնվել եմ գերու վիճակում եւ նույնիսկ ընտանիքիս հետ հնարավոր չի եղել տեսակցություններ ունենալ… Սա շեշտում եմ նրա համար, որպեսզի դատարանի մոտ հստակ ձեւակերպվի այն պատկերացումը, թե ինչի միջով եմ ես անցել… Եվ վերասոցիալականացման գործընթացը գնահատելիս պետք է հասկանանք, որ պետությունն առհասարակ նման գործառույթ չի իրականացնում»,-դատարանի դահլիճում ասաց Մհեր Ենոքյանը:
Հավելեց, որ եթե մինչեւ 2006թ. խնդրեր որեւէ աշխատանք, միջոցառում անել, լավագույն դեպքում հոգեբույժին կկանչեին, որ ներարկում անի, կամ կծեծեին խցում:
Նրա ձեւակերպմամբ, ցմահ բանտարկյալները երկու տասնամյակ շարունակ եղել են նացիստական ճամբարներից ավելի վատ վիճակում, իրենց տարին մեկ անգամ են բաղնիք տարել: Իր մասին խոսելիս էլ՝ նշեց, որ չկա որեւէ ցմահ ազատազրկված, որ մեկուսարանի տարբեր պետերի կողմից 4 անգամ խրախուսված լինի, կամ որպես լրագրող միջազգային մրցույթների մասնակցի ու մրցանակներ ստանա:
Նա ասաց, որ 28 տարի պատիժը կրելով հանդերձ՝ հրապարակային ներողություն է խնդրում Աղաջանովների ընտանիքից եւ պատրաստ է միշտ այդ ներողությունը խնդրել. «Ես զղջում եմ ոչ միայն նրա համար, որ Իոսիֆը, իմ դասընկերը չկա, այլեւ զղջում եմ պատճառահետեւանքային կապի մեջ իմ գործողությունների համար, զղջում եմ իմ կնոջը, ծնողներիս ցավ ու տառապանք պատճառելու համար»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: