Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captսդսդսure
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը պահանջում է անհապաղ վերադարձնել Տավուշի չորս գյուղերը

Ազատություն ռ/կ

Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերին՝ Բաղանիս Այրումին, Աշաղը Ասքիփարային, Խեյրիմլիին և Ղըզըլհաջիլիին, ապա դրանց պատկանելությունը Ադրբեջանին կասկածներ չի հարուցում, և դրանք ենթակա են անհապաղ ազատման», - APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը։

Պաշտոնական Բաքուն պնդում է նաև, որ «սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը»։ Ըստ Մուստաֆաևի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու,ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։

Նույն պարզաբանման մեջ Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը կտրականապես հերքում է Հայաստանի կառավարության՝ այս շաբաթ հրապարակված պնդումը, ըստ որի՝ Հայաստանի 31 բնակավայրերի տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական ուժերի օկուպացիայի տակ։ «Անհիմն է հայտարարել, թե Հայաստանին պատկանող 31 բնակավայրերի հողերը զավթված են Ադրբեջանի կողմից», - նշված է Մուստաֆաևի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: