Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի. հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն
անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին
ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները միջազգային դատական
ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից
հրաժարվելու հնարավորության մասին հարուցում են խիստ մտահոգություններ.
այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի
Հանրապետությանն ու հայ ժողովրդին։
Այդ առթիվ շեշտադրում ենք հետևյալը.
1. Իշխանության բարձրագույն մակարդակում արվող այդ հայտարարությունները
բացարձակապես անթույլատրելի են:
2. Ադրբեջանի դեմ գանգատներն ունեն Հայաստանի ու Արցախի հայերի, առհասարակ
հայ ժողովրդի իրավունքների խախտումների համար միջազգային
պատասխանատվություն ապահովելու ռազմավարական նպատակ: Դրանք
անփոխարինելի միջոցներ են մեր հավաքական ու անհատական իրավունքների
պաշտպանության և միջազգային արդարադատության համար:
3. Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական
խաղաղության, ինչպես նաև կանխել ադրբեջանական նորանոր ոտնձգություններն
արդեն ուղիղ կերպով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ`
Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման ձևով ու այլ հանցանքներով:
4. Միջազգային ատյաններում առկա այդ գործընթացներն անհրաժեշտ քայլեր են նաև
Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունների քննության և հավաքական
իրավունքների պաշտպանության համար: Դրանք կարևորագույն նշանակություն
ունեն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, Արցախում հոգևոր-մշակութային
ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության և
վերադարձից հետո այնտեղ միջազգային պաշտպանության մեխանիզմների
երաշխավորմամբ անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովման հարցում:
5. Ավելին, ներկայացված գանգատներով ու հայցերով Հայաստանի
Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել միջազգային ատյաններում
պաշտպանելու ադրբեջանական հանցագործությունների հետևանքով տուժածների
իրավունքները, այդ թվում` բռնի տեղահանված արցախահայության գույքային և այլ
իրավունքները: Դրա արդյունքում մարդիկ զերծ են մնացել միջազգային դատական
ատյաններ անհատական գանգատներ ներկայացնելուց, իսկ իրավական
պաշտպանության միջազգային միջոցներից Հայաստանի հրաժարվելու և դրանք
քաղաքական հարթություն տեղափոխելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ
Ադրբեջանը կկատարի այդ պահանջները: Հետևաբար, ՀՀ ներկայացրած հայցերից
հրաժարվելն անխուսափելիորեն հանգեցնելու է տուժածների իրավունքների
պաշտպանության միջազգային այս կարևորագույն գործիքակազմերի գործադրման
անհնարինությանը՝ ելնելով հենց այդ գործիքակազմերի ձևական պահանջներից:
6. Միջազգային ատյաններում ներկայացված են նաև բազմաթիվ անհատական
գանգատներ միջպետական գանգատներից բացի, և դրանցից հրաժարվելու դեպքում
անորոշ է լինելու անհատական գանգատների ճակատագիրը: Այս դեպքում
անհատական գանգատների ուժը կա´մ զգալիորեն կթուլանա, կա´մ միջազգային
դատարանը դրանք կարող է պարզապես միացնել միջպետական գանգատներին,
որոնցից երկիրը հրաժարվում է, և մերժել դրանք: Ստացվելու է` Կառավարության
անթույլատրելի քաղաքական որոշման պատճառով մարդիկ զրկվելու են իրենց
իրավունքների միջազգային դատական պաշտպանությունից:
7. Միջազգային ատյաններում գանգատներն ու պահանջներն անփոխարինելի են
Հայաստանի դիվանագիտության համար: Միջազգային պահանջներից հրաժարումն
անդառնալի վնասներ կհասցնի ՀՀ-ին միջազգային ասպարեզում` խարխլելով
դիվանագիտական դիմադրողականության հիմքերը:
8. Ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ հայերի դեմ վարել են
խորքային ռասիզմի և ատելության քաղաքականություն` սկսած Հայաստանից ու
Արցախից մինչև Սփյուռք: Ադրբեջանը ոչ միայն երբևէ չի փորձել պաշտպանել որևէ
հայի կամ անգամ կանխել որևէ հայի իրավունքի խախտում, այլ պետական
մակարդակով, հաճախ «խաղաղության» շղարշի ներքո, խրախուսել ու ոգևորել է հային
ցանկացած վնաս հասցնելը` սպանություններ, խոշտանգումներ, առևանգումներ,
կամայական ազատազրկումներ ու գերեվարումներ, հոգեկան տառապանքներ և այլն:
9. Ավելին, ադրբեջանական գործող իշխանության ցեղասպանական
քաղաքականությունը յուրաքանչյուր հանցանքից հետո մշտապես ավելի է խորացրել
թշնամանքը և ստեղծել է նոր հանցանքների հիմքեր: Այդ կերպ առաջ են եկել
ահագնացող սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի
հավաքական գոյության դեմ առհասարակ:
10. Սրան գումարվում է այն, որ Հայաստանի իշխանությունն անընդհատ
միակողմանիորեն բավարարում է ադրբեջանական պահանջները՝ սին հույսով, որ
Ադրբեջանը կանգ կառնի, բայց դա այդպես էլ տեղի չի ունենում ու տեղի չի էլ
ունենալու:
11. Ադրբեջանի իշխանությունը երբեք էլ խաղաղության իրական մտադրություններ չի
ունեցել: Նրանց միջազգային պահանջները Հայաստանի դեմ եղել են միայն
արհեստական` զուտ հայելային` քայլ՝ արտաքին աշխարհին մոլորության մեջ գցելու,
շղարշ ապահովելու և սեփական հանցանքները կոծկելու համար:
12. Միջազգային ատյաններ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից Հայաստանի
կառավարության հրաժարումն օրինականացնելու է ադրբեջանական ատելության
քաղաքականությունն ու ծանր հանցանքները հայ ժողովրդի նկատմամբ, ծնելու է մեր
իրավունքների նոր խախտումներ ու հանցանքներ:
13. Հաշվի առնելով վերը շարադրվածը` Հայաստանի իշխանություններից
վճռականորեն պահանջում ենք զերծ մնալ միջազգային դատական ատյաններում
Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու
հայտարարություններից ու գործողություններից։
Ավելին, պահանջում ենք ներկայացնել միջազգային դատական նոր հայցեր բոլոր
հնարավոր կոնվենցիաներով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման
հանցագործության համար քրեական պատիժ կիրառելու պահանջով Միջազգային
քրեական դատարանին դիմելու միջոցով:
Ստորագրողներ`
Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին
պաշտպան
Արտակ Բեգլարյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին
պաշտպան
Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»
հասարակական կազմակերպության ղեկավար
Արա Ղազարյան, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր և
ղեկավար, միջազգային փորձագետ