Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ԼՂ բռնի տեղահանվածները կարող են ծրագրի  շահառու դառնալ՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայություն (տեսանյութ)

 «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ նախապես գնահատելով Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքները, մշակել և շահառուներին է ներկայացրել վերջիններիս մասնագիտական կարողությունները կատարելագործելու, ուսուցման և պրակտիկայի, ինչպես նաև նոր հմտությունների ձեռքբերելու ծրագրեր»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքերով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի  շահառու դառնալու համար անհրաժեշտ է նախ դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն, հաշվառվել, անցնել մասնագիտական ուսուցում, ձեռք բերել աշխատանք։ Ծրագրի շրջանակներում տրվում է մասնագիտական ուսուցման հնարավորություն՝ մինչև 6 ամիս ժամկետով սովորել որևէ մասնագիտություն կամ վերապատրաստվել գործատուի առաջարկած  ուսումնական հաստատությունում։ Այդ ընթացքում գործատուին կտրվի ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով, կրթաթոշակ՝ ևս 50 հազար դրամի չափով։ Ուսուցման գործընթացի ավարտից հետո վերջինիս և գործատուի միջև կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 3 ամիս ժամկետով , որի դիմաց գործատուն առավելագույնը 50,000 դրամի չափով ամսական փոխհատուցում կստանա։

Պրակտիկայի բաղադրիչի պարագայում պայմանագիրը կնքվում է մինչև 6 ամիս ժամկետով՝ 165 հազար դրամի չափով՝  ներառյալ հարկերը, 3 ամսից հետո գործատուին փոխհատուցվում է եկամտահարկի գումարները՝ ամսական 50 հազար դրամի չափով։

Շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացի կազմակերպման պարագայում կնքվում է 6 ամսյա պայմանագիր, որի ընթացքում վերջինիս ամսական կտրվածքով վճարվում է առավելագույնը 50 հազար դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և ևս 50 հազար դրամի չափով կրթաթոշակ։ Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացվում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար`ամսական 165 հազար դրամ: Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50 հազար դրամի չափով (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

«Կառավարությունը չի խառնվում գործատու - աշխատող հարաբերություններին։ Սակայն կան մի քանի կարևոր պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի օգտվել ծագրից։ Նախ՝ տվյալ գործունեությունը պետք է լիցենզավորված լինի, իսկ շահառուն պետք է բռնի տեղահանված լինի Լեռնային Ղարաբաղից և վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ տեղ աշխատած չլինի։ Տարիքային սահմանափակումը՝ 16-63 տարեկան,- նշում է Ռ. Սարգսյանը։

«Ինչպես աշխատանք փնտրողները՝ այնպես էլ գործատուները, եթե ցանկություն ունեն օգտվելու նշված ծրագրից կարող են մոտենալ ՄՍԾ և ստանալ համապատասխան խորհրդատվություն»,- նշում է փոխնախարարը։

Ծրագիրը բացառապես վերաբերում է 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվածներին և ուղղված է նրանց ինտեգրմանը։ Ներկայում 397 եռակողմ  պայմանագիր կա կնքված, որտեղ գերակշռողը պրակտիկան է։

Նշված ժամանակահատվածում 6792 քաղաքացի է դիմել Միասնական սոցիալական ծառայության, որից 4418 ստացել է գործազուրկի կարգավիճակ, 1990-ը՝ տեղավորվել աշխատանքի։

Դիմողների հետ համապատասխան խորհրդատվություն է տարվում, քանի որ ՀՀ և ԼՂ աշխատանքի օրենսդրություններում էական տարբերություններ կան, իսկ Հայաստանի աշխատաշուկան էլ իր առանձնահատկություններն ունի։

Ռ. Սարգսյանը՝ հստակեցնելով ծրագրի սահմանափակ լինելու հարցը՝ նշեց, որ ծրագիրը որևէ սահմանափակում չունի և նշված 1000 թիվը նախնական է։

«Պահանջարկի դեպքում կներգրավվեն ավելի թվով շահառուներ։ Սահմանափակումը՝ աշխատանք գտնելու ցանկությունն է, ՄՍԾ գրասենյակն էլ տեղեկացված է, որ սահմանափակում չկա։ Իսկ յուրաքանչյուր ամսվա ավարտից 5 օր հետո կատարվում է բաղադրիչի ամբողջությամբ փոխհատուցում», - ասում է փոխնախարարը։

Խոսելով ծրագրի վերահսկողական գործառույթների մասին Ռ. Սարգսյանը նշեց, որ գոյություն ունեն մոնիտորինգային գործիքներ՝ և նախարարությունում, և ՄՍ ծառայությունում։ Նման խնդիրների պարագայում դադարեցվում է պայմանագիրը, և, եթե առաջանում է հետգանձման խնդիր՝ հետգանձում է կատարվում։