Բացել լրահոսը Փակել լրահոսը
Cadfdpture
A A
Մշակույթ Պաշտոնական

Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

 
 
2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ
Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային
Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․
Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։
Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Մայր աստվածություն․
Անահիտից Մարիամ» մեծածավալ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների մեկնարկի և դրա շրջանակում
Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի՝ Բրիտանական թանգարանից փոխառության
պայմանագրի կնքման վերաբերյալ։
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա
Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ
Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն
Դավիթ Պողոսյանը:
Ասուլիսի ընթացքում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի փոխառության
պայմանագիրը, որն արդեն հաստատված է Բրիտանական թանգարանի կողմից, հանդիսավորությամբ վավերացվել
է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի կողմից: Բրիտանական թանգարանի հետ
կնքված փոխառության պայմանագրով մեկնարկելու է Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից
պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող ու ցուցադրվող բրոնզե գլխի և ձեռքի Հայաստան
տեղափոխումը և 6 ամսով ժամանակավոր ցուցադրությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է կարևոր
նախաձեռնության մեկնարկն ու կարևորել երկու երկրների թանգարանների միջև համագործակցությունը:
«Կարծում եմ՝ ցուցադրությունը պետք է մեծ հետաքրքրություն առաջացնի հանրության ամենատարբեր շերտերի՝
թե՛ դպրոցականների, թե՛ տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների շրջանում: Մեր թանգարանների միջև
այս միջազգային համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու
անդրադարձել Անահիտ արձանի՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքում գտնված նմուշին (կիսանդրուն), որն
արդեն իսկ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում:
«Սա բացառիկ ու հիանալի հնարավորություն կլինի՝ տեսնելու երկու պատմական իրողությունների, պահպանված
նմուշների հանդիպումը միևնույն միջավայրում: Սա մեզ համար ևս հեռանկարներ է բացում, քանի որ տեսնում
ենք կապերն ու հասկանում ավելի լայն իրողությունները, որոնք մեր պատմության շատ կարևոր մասն են:
Այսպիսի համագործակցությունները պետության կողմից միայն խրախուսվելու և շարունակվելու են: Ուրախ եմ,
որ մեր թանգարանները շատ ակտիվ և նախաձեռնող են: Աշխարհի մյուս կարևորագույն թանգարանների հետ
համագործակցությունը պետության շարունակական քաղաքականությունն է: Աջակցելու ենք այսպիսի ծրագրերի
իրականացմանը, քանի որ թանգարանները շատ կարևոր նշանակություն ունեն հանրային կյանքում. դրանք
դառնում են միջավայրեր, որտեղ թե՛ կրթական, թե՛ մշակութային կարևոր գործընթացներ են իրականացվում»,-
ասել է ԿԳՄՍ նախարարը:
 
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև անկախությունից ի վեր առաջին անգամ թանգարանների ոլորտը
կարգավորող օրենսդրության՝ «Թանգարանների մասին» օրենքի ընդունմանը, որը նպաստելու է թանգարանային
գործունեության առավել ընդլայնմանը:
«Կարծում եմ՝ ցուցադրության խորագիրը ևս շատ կարևոր է: Հաճախ ենք խոսում կանանց դերի արժևորման
մասին, և այս ցուցադրությունը լինելու է դրա պրակտիկ հնարավորությունը, որի միջոցով նաև անդրադառնալու
ենք կանանց հանրային դերակատարման կարևորությանը: Այդ խոսակցությունը կարող է սկսվել պատմական
ժամանակներից և շարունակվել մինչև մեր օրեր՝ այդկերպ նաև ոգեշնչելով մեր կանանց ու աղջիկներին՝ նրանց
մոտ ձևավորելով համապատասխան վարքականոն: Խորհրդանշական է նաև, որ այս տարի մեր երկրի
անկախության օրը կարող ենք նշանավորել այսպիսի կարևորագույն իրադարձությամբ»,- ասել է նախարարը
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է՝ այսօր
ազդարարվում է կարևոր և ուշագրավ միջազգային ցուցահանդեսի աշխատանքների մեկնարկը: Տնօրենի
դիտարկմամբ՝ այս ցուցադրությունը յուրօրինակ նվեր կարող է լինել հայ կանանց՝ Մայրության և գեղեցկության
տոնի առթիվ, քանի որ ցուցադրությունն անցկացվում է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրի
ներքո:
Մանրամասնելով ցուցահանդեսի գաղափարը՝ Դավիթ Պողոսյանը նշել է. «Այս գաղափարն աշխարհի
հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցության արդյունքում է ծնվել:
2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան»
խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝
ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ
ծիսանոթը (Ք․ա․ VI-V-րդ դդ․) և Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․)։ Շատ
հետաքրքիր ցուցադրություն էր. պատմական մայրաքաղաք Արտաշատից գտնված արջակերպ պրիտոններից մեկը
համադրվեց պատմական Հայաստանից գտնված և Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու
արձանի բրոնզե դեմքի հետ: Հենց այդ ժամանակ էր, որ կազմակերպիչ-համակարգողների հետ փորձեցինք նաև
հակառակը կազմակերպել, այսինքն՝ պատմական Հայաստանից գտնված այս արժեքների համատեղ
ցուցադրությունը կազմակերպել նաև մեր երկրում՝ համադրելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող
բացառիկ նմուշների հետ»: Դավիթ Պողոսյանի նշմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025
թվականի մարտը Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն է ունենալու ցուցադրել և
պատմականորեն կազմակերպել այս առարկաների հանդիպումը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր
հերթին նշել է․ «Անչափ ուրախ եմ, որ Բրիտանական թանգարանն Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին
ժամանակավորապես տրամադրելու է Հայաստանի պատմության թանգարանին։ Բրիտանական թանգարանը հայտնի
է իր ծավալուն հավաքածուով և իր գանձերն աշխարհի տարբեր երկրներում ցուցադրելու հանձնառությամբ։ Ամեն
տարի տրամադրելով ավելի քան 5000 նմուշ՝ թանգարանը հանդիսանում է մշակութային փոխանակման
համաշխարհային կենտրոն՝ սահմաններից անդին խթանելով երկխոսություն և փոխըմբռնում։ Ջերմորեն ողջունում
եմ բրիտանական և հայկական թանգարանների միջև աճող համագործակցությունը։ Հայաստանում ակնկալվող
ցուցադրությունը մշակութային փոխանակման կարևոր իրադարձություն է»։
 
Նշենք, որ ցուցահանդեսին կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից մայր
աստվածությանը վերաբերող նշանակալի ընտրանի` սկսած հնագույն ժամանակներից մինչև Քրիստոնեություն և
մեր օրերը։
Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր
հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում:
Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես
նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաներ։
 
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ