Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

«Ազատություն քաղբանտարկյալներին»․ Բողոքի ակցիա ԱԳՆ-ի մոտ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Արտգործնախարարության շենքի դիմաց, որտեղ պատրաստվում են դիմավորել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ բողոքի և իրազեկման ակցիա է ընթանում։ Ակցիայի մասնակիցները զինված են Հայաստանի և Արցախի պետական դրոշներով, «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներով և ժամանակ առ ժամանակ վանկարկում են Ա-ԶԱ-ՏՈՒ-ԹՅՈՒՆ։ Քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հանրային և քաղաքական գործիչները հավաքվել են միասնական՝ Հայաստանի և Ադրբեջանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։

«21-րդ դարում Եվրոպայի խորհրդի պատասխանատվության գոտում հետամնաց, միջնադարյան մի բռնապետ խախտելով միջազգայնորեն ընդունված պայմանավորվածություներն ու սկզբունքները՝ հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա՝ բացառապես հայ լինելու համար, ցեղասպանության ենթարկի, որից հետո իրենց հայրենի բնօրրանից բռնի տեղահանի, այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ են։ Հետաքրքի՞ր է, խորհրդի անդամ այլ երկրներում նման բան գոյություն ունի՞», - ասում է հասարակական-քաղաքական գործիչ Էգդար Ղազարյանը։

«Սա իրազեկման ակցիա է այն կառույցներին և այն պաշտոնյաներին, որոնք տարիներ ի վեր ակտիվ գործունեություն էին ծավալում՝ այդ թվում և Հայաստանում՝ բազմաթիվ հասարակական կառույցների միջոցով, որպեսզի տարածեն եվրոպական արժեքները,պայքարեն մարդու իրավունքների, խոսքի, լրատվամիջոցների ազատությունների համար։ Այդ կառույցները տևական ժամանակ լուռ են»,- նշում է հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթալյանը։

«Մենք այստեղ ենք, որպեսզի հիշեցնենք տիկին Բուրիչին, որպեսզի երկակի ստանդարտներ չկիրառվեն։ Հայաստանում առնվազն 5 քաղբանտարկյալ կա, Հայաստանում այսօր քաղբանտարկյալ լինել կարող է ցանկացած մասնագետ։ Իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ցանկացած ուսանող կարող է հիմնավորել, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, Մամիկոն Ասլանյանը,Նարեկ Մալյանը և մյուսները քաղբանտարկյալ են։ Այստեղ ենք, որպեսզի հիշեցնենք Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, որպես ազգության, խղճի քաղբանտարկյալների, - ասում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։