ԱՄՆ-ը չի արձանագրել որևէ փաստ, որ Ռուսաստանի զորքերը նպաստեն Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը. պետքարտուղարություն
Աջակցիր «Ա1+»-ինՄիացյալ Նահանգները չի արձանագրել որևէ մեկ փաստ, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, լրագրողների հետ ճեպազրույցին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ ի պատասխան ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս բերման և դրա հեևանքների մասին հարցին:
Պատելը նկատել է, որ Վաշինգտոնը չի հանդիսանում եռակողմ պայմանավորվածության մաս, որով դադարեցվեց կրակը 2020 թվականին, իսկ ռուսական զորքերը տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում: Իր խոսքում նա ընդգծում է.
«Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ փաստ, որը ի ցույց կդնի, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն հարավկովկասյան տարածաշրջանին, և անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները բավականին ընդգծում են այդ տեսակետը: Դա ևս մեկ կարևոր վկայությունն է կամ օրինակ, թե որքան անվստահելի դաշնակից կամ գործընկեր է Ռուսաստանը»,- ընդգծել է պետքարտուղարության փոխխոսնակը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ տևական և արժանապատիվ խաղաղությանը հասնելու համար, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին: