Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Աջակցիր «Ա1+»-ինԳամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է իրանական Mehr գործակալությունը, հանդիպմանը Աբդոլահիանը կարևորել է Իսրայելի հետ առևտրային կապերը խզելու թուրքական կառավարության որոշումը:
Իրանի արտգործնախարարը նաև անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակմանը` նշելով, որ ռազմական գործողությունը համապատասխանում է Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքին:
Զրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանն ու Ֆիդանն ընդգծել են Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և տարբեր ոլորտներում համագործակցության համատեղ հանձնաժողովների ակտիվացման անհրաժեշտությունը։
Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը տարածաշրջանային և միջազգային հարթակներում։
Նա հայտարարել է, որ Թուրքիան իսլամական աշխարհի ամենագլխավոր խնդիրը համարում է Պաղեստինի հարցը՝ շեշտելով այս հարցում իսլամական պետությունների առավել ակտիվ դերակատարման անհրաժեշտությունը։