Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր Հասարակություն

Էջմիածնի թիվ 11 դպրոցում դասադուլ է․ ծնողներն ասում են՝ թափառող շները հարձակվում են մարդկանց վրա, հոշոտում (տեսանյութ)

Էջմիածնի թիվ 11 դպրոցի ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դասադուլ են անում։ Նրանք մտահոգված են քաղաքում թափառող շների բարձիթողի վիճակով, ասում են՝ դրանք լուրջ սպառնալիք են հասարակության կյանքին և առողջությանը։

Ինչպես «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից, նույն դպրոցի երկու աշակերտների մայր Անահիտ Մամիկոնյանը, դասադուլը կրթական համակարգի հետ ոչ մի առնչություն չունի։

«Մենք բողոքում, մեր ձայնն ենք ուզում լսելի դարձնել հանուն մեր երեխաների անվտանգության, քանի որ ամբողջ թաղամասը լցված է թափառող շներով։ Շները նույնիսկ մարդկանց են հոշոտել՝ 2 հոգու, ովքեր շատ ծանր վիճակում են գտնվում։ Այդ շները հենց դպրոցի տարածքում են լինում։ Շների հոշոտման երկրորդ դեպքը երկու օր առաջ է գրանցվել»։

Ասում է՝ կատաղած շների պատճառով երեխաներին ստիպված զրկում են խաղահրապարակ կամ խանութ գնալուց։ Սակայն դպրոց չգնալ չեն կարող։ 

Ակցիայի կազմակերպիչները դպրոցից երթով շարժվեցին դեպի համայնքապետարան։

«Քաղաքապետարանում մեզ ընդունեց փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը, ով կիսեց մեզ հետ մեր մտահոգությունը և խոստացավ, որ որպես հրատապ լուծում պահանջող հարց փորձելու են օր առաջ լուծել այն։ Ասաց, որ մարզպետարանում արդեն տեղյակ են խնդրի մասին։ Փոխքաղաքապետը նշեց, որ դա ոչ միայն մեկ թաղամասի, այլև ամբողջ քաղաքի խնդիր է»։

Անահիտ Մամիկոնյանը նաև նշեց, որ վաղվանից երեխաները դպրոց կգնան, սակայն պայմանական են դադարեցնում դասադուլը՝ այս շաբաթվա ընթացքում ակնկալելով խնդրի դրական լուծում։

«Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստենք, մեր երեխաների անվտանգությունն առաջնային է։ Միշտ չէ, որ կարողանում ենք ուղեկցել մեր երեխաներին, իսկ երեխաները վախենում են մենակ դպրոց գնալ», - ասաց նա։

Նշենք, որ Էջմիածնում Չարենցի փողոցում թափառող 4 շներ հարձակվել էին տարեց կնոջ վրա, ինչի հետևանքով կինն առողջական ծանր վնասվածքներով, անգիտակից վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա թևն անպուտացրել էին։

Անահիտ Պետրոսյան