Բացել լրահոսը Փակել լրահոսը
բագրատ սրբազան
A A
Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ամփոփեց հերթական օրն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 14-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրվա ծրագրերը։

Նա շնորհակալություն հայտնեց օրվա բոլոր գործողությունների մասնակիցներին, ովքեր առավոտից գտնվել են տարբեր վայրերում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով սահմանազատման գործընթացի առնչությամբ։

Այնուհետև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը տեղեկացրեց ԵՊՀ կատարած այցի մասին՝ նշելով, որ պետհամալսարանի և շրջակա բուհերի մեծաթիվ ուսանողներ ներկա էին իր հետ հանդիպմանը։ Ըստ նրա` ուսանողներն իրենց քաղաքացիական պարտականությունը, ազգային, հոգևոր զգացումները կարողանում են լիուլի արտահայտել ոչ միայն լսարաններում, այլև այգիներում, փողոցներում, եկեղեցիներում։ Նա հավաստիացրեց, որ շատ զգույշ է խոսել, զրպարտող ոչ մի բան չի ասել։ Նա տեղեկացրեց նաև, որ այցելել է Ժուռնալիստների միություն, իսկ հետո մետրոյով գնացել է Գարեգին Նժդեհի հրապարակ և հանդիպել բնակիչների հետ։ 

Հանրահավաքում նշվեց, որ վաղ առավոտից քաղաքացիների կողմից փակվել էին ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի մի շարք ավտոճանապարհներ, ինչի արդյունքում 63 քաղաքացի բերման է ենթարկվել իրավապահների կողմից, սակայն որոշ ժամանակ անց բոլորն ազատ են արձակվել։ 

 Բագրատ Սրբազանը տեղեկացրեց՝ վաղը, ժամը 17։00-ին միջազգային համաժողով է կայանալու  Օպերային թատրոնի դահլիճում, որտեղ ելույթով պիտի հանդես գա Հայաստանի գործող  կառավարության ղեկավարը։ Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ կարևոր է մեկ ժամ շուտ՝ 16։00-ին լինել այնտեղ և ընդվզում ու բողոք հայտնել, ցույց տալ, որ ժողովուրդը դեմ է սահմանազատման ու սահմանագծման այն պրոցեսին, որին իշխանությունը համաձայնել է։