Բացել լրահոսը Փակել լրահոսը
դեսպան
A A
Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ Խաղաղության կորպուսի Վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Կարոլ Սպանին:

Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երեք տասնամյակ ԱՄՆ Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում:

«Վստահ եմ, որ այս այցելությունը նույնպես իր դրական արդյունքները կունենա և կնպաստի Խաղաղության կորպուսի նախաձեռնությունների և ծրագրերի ընդլայնմանը տարբեր բնագավառներում: Իհարկե, գնահատելի է նաև Կորպուսի իրականացրած գործունեությունը Հայաստանի տարբեր մարզերում և մասնավորապես կրթության բնագավառում, որը Հայաստանի կառավարության համար առաջնահերթ ոլորտ է, կարծում եմ դուք լավատեղյակ եք այն խնդիրներին և մարտահրավերներին, որոնք մենք ունենք կրթության ասպարեզում և այս առումով էլ ձեր աջակցությունն ու համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հյուրերը նշել են, որ ուրախ են Հայաստանում ներկայացված լինելու և երկրի զարգացմանն աջակցելու հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդների կրթության, առաջնորդության դասընթացների, կամավորության և այլ ոլորտների վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել են Կորպուսի կողմից իրականացվող ծրագրերը Հայաստանի տարբեր մարզերում և երիտասարդության շրջանում:

Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև ԱՄՆ կառավարության և իշխանությունների աջակցությունը բարեփոխումների կյանքի կոչման գործընթացին:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորությունների սահմաններում օժանդակել Խաղաղության կորպուսի գործունեությանը: