Բացել լրահոսը Փակել լրահոսը
Sihasin
A A
Պաշտոնական

ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է հնդկացիական «Սիհասին» ռոք խմբի համերգային շրջագայությունը Հայաստանում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» ծրագրի շրջանակում ս․թ․ հունիսի 2-8-ը կազմակերպում է հնդկացիական «Սիհասին» ռոք խմբի համերգային շրջագայությունը Հայաստանում։ «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» ծրագիրը ներկայացնում է ԱՄՆ երաժշտական դեսպանների՝ իրենց բազմազանությամբ աչքի ընկնող նոր սերնդին, որոնք համերգասրահներից այն կողմ ձգտում են շփվել աշխարհի այլ վայրերի երաժիշտների ու մարդկանց հետ։

«Սիհասինը» (անվանումը թարգմանաբար նշանակում է «հույս»), որի կազմում հանդես են գալիս մրցանակակիր երաժիշտներ Ջենեդա և Քլեյսոն Բենալիները՝ Արիզոնայում գտնվող Նավահո պետությունից, հանդիսատեսին է ներկայանում իր ցնցող գործիքային ու վոկալ կատարումներով, որտեղ լավագույնս մարմնավորվում են նավահոների ազգագրական երաժշտության և փանք ռոքի տարրեը։ Ջենեդան և Քլեյսոնը քույր ու եղբայր են և հասակ են առել մի այնպիսի միջավայրում, որտեղ կարևորում էին բնապահպանական հարցերը  և ջանքեր էին գործադրում Նավահո պետության մշակութային ժառանգության և ավանդական կենսակերպի պահպանման ուղղությամբ։ «Սիհասինի» երաժշտությունը հավասարության, սոցիալական և բնապահպանական արդարության և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հույսն է արտացոլում։

«Մեզ համար պատիվ է համերգներով ներկայանալ Հայաստանում։ Լինելով նավահո (դինե) ցեղի ներկայացուցիչ՝ մենք հանդիսատեսին ուզում ենք ներկայացնել, թե ովքեր ենք մենք՝ բնիկ ամերիկացիներս և համագործակցել ձեր համայնքների ստեղծարար և մշակութային դաշտի գործիչների հետ», - ասաց Ջենեդա Բենալին։

«Մշակութային դիվանագիտության մեր բոլոր նախաձեռնությունների առանցքում ստեղծագործական համագործակցությունն է, ներառումը և հարգանքը մշակութային ժառանգության հանդեպ։ ԱՄՆ դեսպանությունը հպարտ է Հայաստանում ներկայացնել «Սիհասինի» ինքնատիպ երաժշտությունը և հուսով ենք, որ այն հույսի ուղերձ կհղի բոլոր երիտասարդ արվեստագետներին և հատկապես նրանց, ովքեր ներգրավված են մշակութային ժառանգության պահպանության հարցերում», - ասաց դեսպան Քվինը։

«Սիհասինը» համերգներով հանդես կգա Երևանում և Գյումիում

ԱՄՆ դեսպանությունը «Սիհասինի» հայաստանյան շրջագայության՝ համերգների, երաժշտական համագործակցությունների, աշխատարանների, վարպետության դասերի և ջեմ-սեշենների կազմակերպման նպատակով գործակցում է Ordinary Wonder Society և Armenia Vibes կազմակերպությունների հետ։ «Սիհասինի» համերգների համար տոմսեր չեն պահանջվում։ Համերգները տեղի կունենան․

  • հունիսի 5-ին՝ ժամը 18։00 – Գյումրու «ԹՈՒՄՈ» կենտրոն (ռուֆթոփ) և
  • հունիսի 7-ին՝ ժամը 20։00 – «Երևանի գինու օրեր» փառատոն։

Ստեղծագործական համագործակցություն և վարպետության  դասեր

«Սիհասինի» հայաստանյան շրջագայության ընթացքում հայ երիտասարդ երաժիշտների և երգահանների համար նախատեսվում են վարպետության դասեր, որոնց ուշադրության կենտրոնում կլինեն ստեղծագործական գործընթացը և մշակութային ժառանգության պահպանության գործում արվեստագետի ունեցած դերը՝ հիմք ընդունելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ բազմազանությունը, հավասարությունը և ներառումը։ Այս աշխատանքներում մենք կգործակցենք «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի», «Հայկական բարեգործական ընդհանուր միության» (ՀԲԸՄ), Գյումրու «Էմիլի արեգակ» կենտրոնի և «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ։