Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եվրախորհրդարանի ընտրություններին առաջին անգամ մասնակցում են 16 տարեկանները

ԵՄ անդամ չորս երկրներ (Բելգիա, Գերմանիա, Մալթա և Ավստրիա) թույլատրել են 16 տարեկաններին, իսկ Հունաստանը`  17 տարեկաններին քվեարկել 2024 հունիսի 6-9-ը անցկացվող Եվրախորհրդարանի ընտրություններում։  Նվազեցնելով քվեարկության տարիքը՝ այս երկրները նպատակ ունեն նպաստել հավասարությանը և կանխել տարիքային խտրականությունը։

Ակնկալվում է, որ 16 և 17 տարեկան շուրջ 1,760,000 երիտասարդ ընտրողներ առաջին անգամ կքվեարկեն եվրոպական ընտրություններում` մոտավորապես 260,000-ը՝ Բելգիայում և 1,5 միլիոն Գերմանիայում: Գումարելով Մալթան (8,500), Հունաստանը (105,000) և Ավստրիան (174,000), ամենաերիտասարդ ընտրողների ընդհանուր կհասնի 2 միլիոնի։

Ավստրիան 10 տարի առաջ է 16-ամյա երիտասարդներին ընտրելու իրավունք տվել ազգային ընտրություններում՝ հիմնվելով «առանց ներկայացուցչության ոչ հարկման» սկզբունքի վրա:

«Առանց ներկայացուցչության ոչ հարկման» սկզբունքը սա է՝ քաղաքացիները չպետք է հարկվեն մի կառավարության կողմից, որտեղ նրանք չունեն ձայն կամ ներկայացուցչություն:

Եվրախորհրդարանի ընտրություններին դեռահասների քվեարկելու իրավունքը միանշանակ չի ընդունվել։ Արդյո՞ք նրանք կարող են ինքնուրույն որոշում կայացնել։

«Չնայած ես 16 տարեկան չեմ,   բայց կարող եմ ասել` այդ տարիքում է հետաքրքրություն առաջացել  քաղաքականության նկատմամբ, և կարծում եմ, որ  այդ տարիքի շատ երիտասարդներ ունեն այդ  հետաքրքրասիրությունը: Ես տարիքային շեմի մասին այս քննարկումը  համարում եմ քաղաքական խաղ, քանի որ ակնհայտ է, որ երիտասարդությունը հակված է քվեարկել  ձախ ուժերին,  հետևաբար պահպանողականները կարող են դեմ լինել ընտրական տարիք շեմիի իջեցմանը»,-ասում է 23-ամյա ավստրիացի Տիմո Բուխարեսը։

Երբ նրան հարցրեցինք  նախկին ընտրությունների  մասին,  Բուխարեսը խոստովանեց. «Ես շատ եմ ամաչում, բայց երբեք չեմ քվեարկել Եվրոպական ընտրություններում: Ես ամաչում եմ, քանի որ կարծում եմ, որ մեր պարտքն է քվեարկել, օգտվել այս իրավունքից՝ որպես Եվրամիության քաղաքացի և հոգ տանել մեր ապագայի մասին»:
Ըստ Բուխարեսի, նա չի մասնակցել Եվրախորհրդարանի նախորդ ընտրություններին տեղեկատվության պակասի պատճառով, սակայն մտադիր է քվեարկել այս  ընտրությունների ժամանակ:

22-ամյա ավստրիացի Ֆելիքս Մահրենբախն ասում է, որ չի հիշում, թե ում օգտին է քվեարկել Եվրախորհրդարանի ընտրություններում, քանի որ նախընտրած թեկնածու չի ունեցել։ Նա չի թաքցնում, որ հետևել է ծնողների խորհրդին. նա այդ ժամանակ 18 տարեկան էր:

«Ես չեմ կարող խոսել բոլորի անունից, բայց կարծում եմ, որ 16 տարեկան երիտասարդներն այնքան ուժեղ քաղաքական դիրքորոշում չեն ունենում, որ կարողանան ճիշտ ընտրություն կատարել, մյուս կողմից էլ շատ մեծահասկաներ էլ չունեն»,- նկատեց նա։
Այս տարի, սակայն, նա ունի հստակ որոշում․ նախատեսում է քվեարկել Ավստրիայի Կանաչների կուսակցության օգտին։

24-ամյա ավստրիացի Մագդալենա Բոնը համաձայն չէ, որ 16-ամյա երիտասարդներն հետաքրքրված չեն քաղաքականությամբ՝ ասելով. «Կարծում եմ՝ կան շատ 16 տարեկան երիտասարդներ, ովքեր ավելի շատ են հետաքրքրվում քաղաքականությամբ, քան 25-30 տարեկանները»։ 

«Երբ ես 16 տարեկան էի, ինձ հետաքրքրում էր ազգային քաղաքականությունը, և դա հաճախակի քննարկման թեմա էր դպրոցում: Կարծում եմ, որ սա էապես ձևավորեց ընտտրությունների կարևորության վերաբերյալ իմ տեսակետը»,-ասում է նա։Այնուամենայնիվ, Բոնն անհանգստանում է, որ շատ երիտասարդներ կարող են չքվեարկել՝ կասկածելով փոփոխություններ անելու  իրենց  հնարավորությանը։

Եվրախորհրդարանը կիսում է երիտասարդության ցածր մասնակցության վերաբերյալ մտահոգությունները,- նշվում է Եվրախորհրդարանի քարտուղարության պատասխանում։

Ըստ կառույցի՝ 2019 թվականի հետընտրական հետազոտության՝ 16-24 տարեկան երիտասարդների միայն 42%-ն է քվեարկել ԵՄ վերջին ընտրություններում։ Որպես չմասնակցելու պատճառներ  երիտասարդները նշել են տեղեկատվության պակասը, ընտրությունների ամսաթվերի մասին անտեղյակությունը, քվեարկության գործընթացի վերաբերյալ անորոշությունը, հետաքրքրության բացակայությունը և այլն:

Թե ինչպիսին կլինի այս տարվա պատկերը, պարզ կլինի մի քանի օրից։

Այնուամենայնիվ, 2024 թվականի Եվրոպական ընտրություններից առաջ՝ գարնանն անցկացված հարցումը ցույց է տվել, որ երիտասարդների 64%-ը մտադիր է քվեարկել։