Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG-20240605-WA0072
A A
Պաշտոնական

Աղետի գոտում վնասների, կորուստների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է արագ գնահատման (MIRA) գործընթացը

Արձագանքելով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 26-ից տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման և միջազգային աջակցության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային հայցին` ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել են բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) և հետաղետային կարիքների գնահատման (PDNA) գործընթացները։

Հետաղետային կարիքների արագ գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով տեղում աշխատանքներ է իրականացրել փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների մասնակցությամբ։

ՆԳՆ թիմի հետ խումբը հարցումներ է անցկացրել տուժած բնակավայրերում՝ աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ, որպեսզի հնարավորինս արագ ամփոփի առաջնային կարիքների գնահատման առաջին փուլը՝ հետաղետային կարիքների խորքային գնահատման և հետաղետային վերականգնման գործընթացի նախապատրաստման նպատակով։

Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման գործընթացի շրջանակում տեղի է ունեցել նախնական և երկրորդային տվյալների վերլուծություն՝ կատարելով գնահատում համայնքերում, հստակեցնելով տուժած բնակչության և ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը. արդյունքում՝ սահմանվել են ռազմավարական հումանիտար առաջնահերթությունները։

Աղետի գոտու խոշորացված համայնքներում կատարվել է պատճառված վնասի մակարդակների սահմանում, հստակեցվել են պարենային անվտանգության, առողջապահության, ջրային ռեսուրսների, սանիտարական և հիգիենիկ պայմանների, կրթության, պաշտպանության ոլորտներում կարիքները, գնահատվել են հնարավոր և անմիջական ռիսկերը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է հասցեագրել նաև սոցիալ-հոգեբանական աջակցության հետ կապված կարիքները, ապահովել աղբի, ջրաբերուկների անհապաղ և համակարգված հեռացման և թափոնների կառավարման գործողությունների ծրագրի մշակում ու իրականացում, տուժած համայնքների վնասված կոյուղու համակարգի և խմելու ջրի մատակարարման անհապաղ վերականգնում և այլն։

ՄԱԿ-ի գործընկերների հետ Ներքին գործերի նախարարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ աղետի գոտում իրավիճակը կայունացնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար։