Սատանան փախչում է խաչից, ձեր մասին է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք լսում ենք ատելության խոսք այս ամբիոնից, առանց հաշիվ տալու, որ այս ամբիոնն առաջնային մանդատով օժտված իբրև թե անձանց ամբիոն պետք է լինի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Սուտն ու կեղծիքն այնպես են հորդում այս ամբիոնից քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչների կողմից, որ ուղղակի ապշել կարելի է: Արձանագրեմ, որ չկարողանալով որևէ հիմնավորում ներկայացնել կառավարության հրաժարականի և նոր կառավարության կազմավորման ուղերձի նախագծին, հայտնագործություն են արել: Պարզվում է՝ հանձնաժողովում նիստ են գրանցել ու մեծ բառերով ներկայացնում են, որ պատրաստ էին քննարկել»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության քարտուղարը շեշտեց՝ առավոտյան իշխանությունն ասում էր, որ իրենց օրակարգում չկա նման հարց:
«Մի քանի ժամանակ է ընդդիմությանը ներկայացնում են մի գնահատական՝ հայդուկներ: Տարբեր բացատրական բառարաններում՝ հայդուկն անձ է, ով պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ: Եթե մենք հայդուկներ ենք, ապա դուք ի՞նչ եք, եթե մենք ձեր դեմ ենք պայքարում»,- նշեց նա:
Արծվիկ Մինասյանն արձանագրեց՝ անընդհատ ճշմարտության հրապարակման փորձերից՝ ՔՊ-ն և գործադիր իշխանությունը խուսափում են:
«Սատանան փախչում է խաչից՝ ինչպես դուք ճշմարտությունից: Ճշմարտության հետ պետք է առերեսվել և ճշմարտությունը մեկն է»,- եզրափակեց նա: