Ադրբեջանը ջանք չի խնայում Հայաստանին տարածաշրջանային ամենատարբեր ծրագրերից դուրս թողնելու ուղղությամբ․ ՀԱԳՄ
Աջակցիր «Ա1+»-ինՔննարկվեցին հակամարտությունների ազդեցությունը տնտեսության զարգացման վրա
Ի՞նչ ազդեցություն են ունենում հակամարտությունները տնտեսության զարգացման, գործարար ակտիվության, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման վրա, և որո՞նք են դրանց հաղթահարման ուղիները։
Այս հարցերը քննարկվեցին Հայաստանում Եվրամիության առաքելության ծրագրի ղեկավար Յուրկի Կանկանպեի ու մարդու իրավունքների խորհրդական Ալեքսանդր Գրուշևսկու՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (ՀԱԳՄ) հունիսի 11-ին կատարած այցի ընթացքում։
Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրեց Միության կառուցվածքն ու գործունության ուղղությունները, իրականացրած միջազգային ծրագրերը, այդ թվում՝ ԵՄ–ի հետ համագործակցության շրջանակներում։ Նա կարևորեց միջազգային հանրության գործադրած ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչը նշանակալի ազդեցություն է ունենում տնտեսական նախագծերի իրականացման վրա։
ՀԱԳՄ առաջին փոխնախագահի խոսքով՝ տնտեսական համագործակցության առաջնահերթ պայմաններից են անվտանգային համակարգի առկայությունը, խաղաղ գոյակցության անկեղծ ցանկությունը, փոխվստահության մթնոլորտի ձևավորումը, ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանության և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, որոնք, ցավոք, դեռևս հեռու են իրականություն լինելուց։
Նաև ընդգծվեց, որ Ադրբեջանը ջանք չի խնայում Հայաստանին տարածաշրջանային ամենատարբեր ծրագրերից դուրս թողնելու ուղղությամբ, ինչի արդյունքում անգամ ԵՄ կողմից ֆինանսավորվող տարանցիկ՝ էներգետիկ, գազի ու նավթի խողովակաշարերի, երկաթուղային, ինտերնետային մալուխի և ենթակառուցվածքային այլ նախագծերը շրջանցում են Հայաստանը։
Ներկայացնելով Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեությունը, Յուրկի Կանկանպեն ընդծեց ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը, հասարակական կառույցների և գործարար շրջանակների դերը՝ կողմերի միջև երկխոսության հաստատման ու վստահության միջավայրի կայացման ուղղությամբ։
Նրա գնահատմամբ՝ գործարար ակտիվությունը, տնտեսական կայունությունն իրենց հերթին նշանակալի բաղադրիչներ են ընդհանուր տարածաշրջանային կայունության համար։
Կողմերն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն