Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցի՝ տեղում ծանոթանալու նախատեսվող աշխատանքներին: Բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից նախաձեռնվել են Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները: Սահմանված կարգով թե՛ եկեղեցու, թե՛ որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը ներկայացվել են լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը: Այցի շրջանակում տեղում կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են եկեղեցու և որմնանկարի վերականգնման վերաբերյալ առաջացած հարցերը։
Ներկայում հուշարձանում տեղի են ունենում վերականգնման նախապատրաստական աշխատանքներ։ Որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են որմնանկարներ վերականգնող հայ և ռուս փորձառու մասնագետները։ Թալինի Կաթողիկե եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակներն են վերականգնող ճարտարապետներ Հովհաննես Սանամյանը և Անդրանիկ Սարգսյանը, որմնանկարինը՝ ՌԴ մոնումենտալ գեղանկարչության վերականգնող Նիկոլայ Միխայլովը։
Հիշեցնենք, որ Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դ․ Կամսարական իշխանական տան կողմից: Ենթադրվում է, որ որմնանկարն իրականացվել է նույն ժամանակաշրջանում։
ՀՀ վաստակավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի հեղինակած «Սասունցիներ» որմնանկարի պահպանության խնդիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության ներքո է:
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են նաև Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տուն՝ այնտեղ գտնվող «Սասունցիներ» որմնանկարի մշտադիտարկման և այն իտալացի մասնագետների ներկայացրած նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ համեմատելու նպատակով։ Մասնագետները տեղում իրականացրել են որմնանկարի չափագրման և ակնադիտական ուսումնասիրման աշխատանքներ, համայնքի ղեկավարի ու համապատասխան պատասխանատուների հետ քննարկել որմնանկարի հետագա պահպանությանն ուղղված հնարավոր քայլերը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ