Բացել լրահոսը Փակել լրահոսը
568
A A
Քաղաքականություն

Բելառուսն առաջադեմ զենքեր է մատակարարել Ադրբեջանին 2018-2022 թվականների ընթացքում․ Politico

Ամերիկյան Politico պարբերականը հոդված է հրապարակել Բելառուսի կողմից 2018-2022 թվականների ընթացքում Ադրբեջանին առաջադեմ ռազմական տեխնիկայի մատակարարման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը, հղում անելով ռազմական մատակարարումների մասին արտահոսած գաղտնի փաստաթղթերին, գրել է, որ Բելառուսն առաջադեմ զենքեր է մատակարարել Ադրբեջանին, թեև Հայաստանի հետ Ռուսաստանի գլխավորած միջազգային դաշինքի (խմբ․ ՀԱՊԿ)անդամ է։ 

Պարբերականը նշում է, որ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների մասին արտահոսած փաստաթղթերը լույս են սփռում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Հայաստանից վերջին օրերին հնչող հայտարարությունների վրա։ 

Նշվում է, որ Բելառուսի կողմից 2018-ից 2022 թվականներին Ադրբեջանին առաջադեմ ռազմական տեխնիկայի մատակարարումները Բաքվին առավելություն են տվել իր վաղեմի հակառակորդի՝ Հայաստանի հետ պատերազմների ալիքում։  

Ըստ աղբյուրի՝ արտահոսած փաստաթղթերի փաթեթը ցույց է տալիս, որ Բելառուսն ակտիվորեն աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը հասել էր գագաթնակետին։

Politicon-ն նշում է, որ Բելառուսի կողմից Ադրբեջանին առաջարկվող ծառայությունները ներառել են ավելի հին հրետանային սարքավորումների արդիականացում և անօդաչու սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում:

«Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի համար նորագույն հրետանու թիրախային սարքավորումների պատվերներին, ինչպես նաև երկու պետությունների նամակագրությունը, որոնցով համաձայնեցվել են «Գրոզա-Ս» շարժական հակաօդային սարքերի կայանների մատակարարումները»,- հայտնել է աղբյուրը։

Աղբյուրը հիշեցնում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժումներ են սկսել նաև Հայաստանի Հանրապետության տարածք 2022 թվականի սեպտեմբերին՝ գրավելով կարևոր ռազմավարական բարձունքներ, որից հետո Հայաստանն աջակցության համար դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն ավելի ուշ դաշինքին մեղադրել է իր պարտավորությունները չկատարելու մեջ։