Բացել լրահոսը Փակել լրահոսը
53
A A
Քաղաքականություն

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի հետ:
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Բեռլինի պետական թանգարաններ» հիմնադրամի նախագահի պաշտոնակատար Յորգ Ֆյոլնագելը և «Պրուսական մշակութային ժառանգություն» հիմնադրամի փոխնախագահ Գերո Դիթմարը:
 
Հայաստանի պատվիրակությունը նախ շրջել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը, թանգարանի պատմությանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրականացված վերակառուցման ընթացքին:
 
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում համագործակցության հարցերի շուրջ:
 
Մաթիաս Վեմհոֆի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Բեռլինի թանգարանային կղզում գտնվող Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում Հայաստանի հնագույն շրջանի պատմությանը նվիրված ցուցադրության կազմակերպման հնարավորությունը։
 
Ժաննա Անդրեասյանը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին ներկա գտնվելու Հայաստանի պատմության թանգարանում սպասվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությանը, որն իրականացվում է Բրիտանական թանգարանի հետ համատեղ: