Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Էստոնիայի խորհրդարանի նախագահի հետ (տեսանյութ)

Հունիսի 27-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Էստոնիա խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտի Ռայդման։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները: «Մեր երկու երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, բարեկամության, հիմնարար սկզբունքների արժևորման վրա, և ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում, այդ կապերի առավել խորացումն առավել, քան կարևոր է»,- ընդգծել է ԱԳ նախարար Միրզոյանը։

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի ու Էստոնիայի միջև բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկան ընդլայնվող հարաբերությունների վկայությունն են, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության մասով։ Այս համատեքստում կարևորվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, արձանագրված հաջողությունները՝ շնորհակալություն հայտնելով նաև Էստոնիայի կողմից այդ ճանապարհին ցուցաբերված աջակցության համար։

«ՀՀ քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և կառավարությունը հաստատակամ է շարունակել բարեփոխումները, այդ թվում՝ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հավելել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի, ակնկալիքների շուրջ՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները։

Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ հանգամանալից անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը։