Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչության աշխատակիցների հետ, «Զվարթնոց» օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից` «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Հիշյալ առաքանու մեջ հայտնաբերվել է 50 հաբ։ Դեղահաբերը ստուգվել են համապատասխան սարքով, որի էկրանին արտացոլվել է «ակրիլֆենտանիլ» գրառումը։

Ֆենտանիլ տեսակի թմրամիջոցն ընդգրկված է ՀՀ կառավարության` թիվ 707-Ն որոշման մեջ՝ որպես թմրամիջոց:

Նշված զանգվածների հայտնաբերման փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է հիշյալ առաքանու ստացման վայրը, որը դարանակալվել է։ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «Ակրիլֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ` «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ներմուծված առաքանին Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության սպասարկման սրահում շուրջ 4 օր մնալուց հետո, ստացող անձը փոստային նամակի միջոցով ցանկացել է առաքանին ստանալ Ծաղկաձոր քաղաքում՝ իր նշած հասցեի առաքմամբ։ Արդեն Ծաղկաձորում առաքանին ստացող անձը հայտնել է, որ անձամբ չի կարող ստանալ առաքանին, խնդրել է այն թողնել իր նշած հասցեում գտնվող խանութում։ Նշված խանութը դարանակալվել է, և արդեն ուշ երեկոյան հիշյալ խանութ են մոտեցել ՌԴ քաղաքացիներ, ամուսիններ Ն․Դ․-ն և Ե․Խ․-ն, ովքեր առաքանին

ստանալուց հետո, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ամուսինները ձերբակալվել են: Խուզարկություն է կատարվել վերջիններիս բնակության հասցեում, որտեղ հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, որոնք առգրավվել են։

Նշենք, որ հայտնաբերված «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի օգտագործումն, ըստ մասնագետների, չափազանց վտանգավոր է, քանի որ դրա գերդոզավորումից հանգեցնող մահվան դեպքերի ցուցանիշը, մյուս թմրամիջոցների հետ համեմատած՝ ամենաբարձրն է։ Ֆենտանիլի ազդեցությունը 50 անգամ ավելի ուժեղ է, քան հերոինի և 100 անգամ ավելի ուժեղ` քան մորֆինի ազդեցությունը։

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՊԵԿ