Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 27-ին Երևանում անցկացվել է Հետաղետային կարիքների գնահատման համապարփակ դասընթաց, որին մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, պետական մարմինների, ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ավելի քան 60 մասնակիցներ։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության, Միավորված ազգերի կազմակերպության գործընկերներին և ամբողջ թիմին՝ սերտ համագործակցության համար, ինչի արդյունքում հաջողությամբ արդեն իսկ իրականացվել է Բազմոլորտային առաջնային կարիքների գնահատում։
Անդրադառնալով Աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարությանը՝ փոխնախարարը նշել է, որ այն նոր նշաձող է արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունության բարձրացման և աղետների ռիսկի նվազեցումից դեպի աղետների ռիսկի կառավարում անցման ճանապարհին:
Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով Արփինե Սարգսյանը նշել է, որ հասցեագրված խնդիրների մի մասն արդեն ստացել է համապատասխան լուծում, իսկ առկա խնդիրների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
«Ցանկացած դժվարին իրավիճակ պետք է ընկալենք որպես նոր հնարավորություն՝ դիտարկելու, վերագնահատելու մեր առկա հնարավորությունները և գնալու վերակառուցման ճանապարհով: Իրականում հենց այս փուլում ճիշտ պահն է հասկանալ՝ մեր գործընթացներն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն, իսկ եթե՝ ոչ, ապա ինչպիսի գործընթացներ պետք է իրականացնենք ավելի ինստիտուցիոնալ, ճիշտ դերաբաշխման ճանապարհով գնալու համար, այլ ոչ թե ինքնաբուխ միջամտություններ անելու կամ սեփական զգացողությունների հիման վրա իրավիճակը կառավարելու և հարթելու համար. սա է միակ ճանապարհը ունենալու կայուն պրակտիկա, կայուն զարգացում»,-նշել է Արփինե Սարգսյանը։
Վերապատրաստման դասընթացի անհրաժեշտությանն է անդրադարձել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ նշելով, որ այն կարևոր քայլ է աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացման ճանապարհին։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում նշել է. «Մենք ուրախ ենք տեսնել վերապատրաստման դասընթացին շահագրգիռ լայն շրջանակների նման ակտիվ մասնակցություն։ Այն մեծ ակնկալիքներ է ներշնչում. նման թիմով համատեղ աշխատանքը նշանակալի արդյունք կբերի հետաղետային կարիքների գնահատման գործընթացում»:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն իր խոսքում կարևորել է ինչպես աղետների վնասների և կարիքների գնահատման, այնպես էլ աղետների կանխարգելման և հնարավոր հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող ռազմավարությունը:
«Հետաղետային կարիքների գնահատման գործընթացը հնարավորություն կտա նախանշել հետագայում աշխատանքների ճիշտ կազմակերպման գործիքակազմեր, կատարելագործել համապատասխան կարողությունները ռազմավարական բուն նպատակներին հասնելու ուղղությամբ։ Դասընթացն այս առումով կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների մի մասն է: Այն լավ առիթ է մեր աշխատանքների արդյունքները քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարելավմանն ի նպաստ դարձնելու համար»,-ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը:
Հետաղետային կարիքների գնահատման գործընթացի մանրամասներին ու մինչաղետային ելակետային տվյալներին է անդրադարձել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ Կրունոսլավ Կատիչը՝ խոսելով աղետի հետևանքների, վնասի և կորուստների արժեքի որոշման, ինչպես նաև վերականգնման կարիքների և առաջնահերթությունների, վերականգնման ռազմավարության մշակման մասին։
Հետաղետային կարիքների գնահատման ոլորտներում գործնական աշխատանքների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։
Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել շահագրգիռ կառույցների մասնագետների կարողությունները հետաղետային կարիքների արդյունավետ գնահատում իրականացնելու ուղղությամբ, որոնք կարևոր գործիք են աղետների վերականգնման և դիմակայունության պլանավորման գործընթացում:
Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։