Բացել լրահոսը Փակել լրահոսը
448935770_792364166418288_4578668262228322486_n
A A
Պաշտոնական

Կայացել է «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը

 
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ գործընկերների հետ համատեղ Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպվել էր «Սևանա լճի ապագան» խորագրով շրջադարձային գագաթնաժողով, որը նպատակ ուներ համախմբել փորձագետների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի:
 
Այս նշանակալից միջոցառումն իրականացվեց EU4Sevan ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համակազմակերպմամբ:
 
Ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ ՄեյմարյանըՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը։
 
«Ծրագրի իրականացումը օգնել է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները։ Մեզ համար առաջնահերթ խնդիր է եղել ոչ միայն ծրագրով նախատեսված քայլերի հաջորդականության ապահովումը, այլև Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նշանակալի արդյունքներ գրանցելը և ոլորտի հիմնովին բարեփոխումը։
Մենք բավականաչափ աշխատանքներ իրականացրել ենք և դեռ շատ ավելին էլ նախատեսում ենք առաջիկայում: Սակայն կառանձնացնեի հատկապես բնապահպանական տվյալների կառավարումը, որը կարևոր է լճի էկոլոգիական իրավիճակը հասկանալու համար և որպես հիմք՝ ապացույցների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար»,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալը։
 
Գագաթնաժողովը դառնալու է կարևոր հարթակ՝ քննարկելու այն ռազմավարական մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի ամենաարժեքավոր բնական ռեսուրսներից մեկի՝ Սևանի առաջ:
 
✅Մինչև գագաթնաժողովը տեղի է ունեցել նախագագաթնաժողովի երկու հանդիպում հիմնական շահագրգիռ կողմերի և շահառուների հետ, որի նպատակն էր քննարկել տարբեր հարցերի մասին եզրակացություններ և առաջարկություններ:
 
Գագաթնաժողովի հյուրերը մասնակցել են համապարփակ պանելային քննարկումների, որոնք ընդգրկում էին այնպիսի կենսական թեմաներ, ինչպիսիք են կեղտաջրերի մաքրումը, կայուն գյուղատնտեսությունը, մոնիթորինգը և բնապահպանական տվյալների կառավարումը, ինչպես նաև միջոլորտային համագործակցությունը:
 
Գագաթնաժողովի պատվավոր հյուրն էր Գերմանիայի Հելմհոլց-Շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի (UFZ) լճերի հետազոտության բաժնի ղեկավար դոկտոր Կարստեն Ռինկեն իր «Հայաստանի ջրային աշտարակը. Սևանա լճի կարևորությունը, գեղեցկությունը և փխրունությունը» թեմայով ելույթով։
 
Գագաթնաժողովի հյուրերը հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու պետական և մասնավոր հատվածի, ՀԿ-ների և գիտական հաստատությունների մասնակցությամբ ցուցահանդեսի, որոնք ներկայացնում էին Սևանա լճի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված առաջարկներ:
 
Միջոցառումն ավարտվեց պարգևատրման արարողությամբ, որի ժամանակ շնորհակալագրեր հանձնվեցին Սևանա լճի պահպանության գործում բացառիկ և նորարարական ներդրումներ ունեցած անձանց։
 
Սա կարևոր քայլ է ընդգծելու լճի կայուն ապագային ուղղված հավաքական ջանքերն ու նվիրումը:
 
ℹ EU4Sevan ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից, իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ ECOserve ծրագրի շրջանակում և ՄԱԶԾ-ի կողմից: