Դատախազությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն․ Աննա Վարդապետյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության դատախազության կազմավորման 106-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Դատախազության կոլեգիայի անդամները, դատախազները, այլք:
Աննա Վարդապետյանը, շնորհավորելով Դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է.
«Պարո՛ն Վարչապետ, շնորհակալ ենք մեզ համար խորհրդանշական այս օրը Գլխավոր դատախազություն այցելելու և Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին մասնակցելու հրավերն ընդունելու համար:
Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական բարեփոխումներին աջակցելու և իրավակարգի ու օրինականության ամրապնդմանն ուղղված Դատախազության նախաձեռնություններին սատարելու համար:
Հարգելի՛ դատախազներ,
Մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Գովեստի ու քննադատության հեղինակը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Ես վստահ եմ, որ նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունն ու հոգատարությունը, աշխատանքում մարդակենտրոն ու հայրենասեր մոտեցումները անխուսափելիորեն նվազեցնելու են հանրային քննադատությունն ու բարձրացնելու են մեր նկատմամբ վստահությունը։
Գնահատականը թողնելով ժամանակի ու քաղաքացու դատին՝ ես այսօր ուզում եմ Ձեզնից յուրաքանչյուրին անհատապես ասել՝ շնորհակալ եմ, շնորհակալ եմ Ձեզ ամրության, ազնվության և պրոֆեսիոնալիզմի համար։
Իմ այսօրվա ելույթը նվիրված է Դատախազության առաջնահերթություններից երեքին՝ կոռուպցիայի դեմ պայքար, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, պետական և համայնքային շահերի պաշտպանություն։
Դատախազությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն: Այս համատեքստում կոռուպցիոն հանցագործություններով գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացվում է բացառապես այն դեպքերում, երբ առաջին անգամ հանցանք կատարած անձը զղջացել է իր կողմից կատարված հանցանքի համար, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և հատուցել է հանցանքի արդյունքում պետությանը կամ համայնքին անմիջականորեն պատճառված վնասը:
Այս մոտեցումն ունի դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու և հանցանք կատարած անձանց հետագա իրավահպատակ վարքագիծը խթանելու տրամաբանություն:
Հանցանք կատարած անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունը, որպես կանոն, մերժվում է, եթե հանցանք կատարած անձը զբաղեցրել է զինվորական պաշտոն կամ երբևէ կատարել է կոռուպցիոն հանցանք կամ բարձր լատենտայնություն ունեցող այնպիսի հանցանք, ինչպիսիք են՝ կաշառք-ընտրակաշառք ստանալը, փողերի լվացումը և այլն:
Դատախազությունը հետևողական է, որ կոռուպցիոն հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը լինի արդարացի։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Դատախազությունը հետևողականություն է ցուցաբերում, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը:
Կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքում դատախազների ուշադրության կենտրոնում է նաև հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերհանումը և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրավասու մարմիններին միջնորդագրերի հասցեագրումը։ Այդ նպատակով հսկող դատախազների կողմից տարբեր գերատեսչություններ են հասցեագրվում միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվում են գործող վերահսկողական լիազորությունների շրջանակը և ներդրվում են նոր իրավական կարգավորումներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության են ենթարկվում այն հանրային ծառայողները, որոնք թերացել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ:
2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 533 քրեական վարույթ: Նշված քրեական վարույթներից 327-ով կայացվել է քրեական վարույթը կարճելու մասին որոշում, 67 քրեական վարույթ՝ 165 անձի վերաբերյալ, ուղարկվել է իրավասու դատարան:
Նշված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 347 անձի նկատմամբ, որոնցից 93 նկատմամբ՝ դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ:
Գլխավոր դատախազությունում գործող Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը գրեթե ամբողջովին կազմափոխվել է, համալրվել է բարձր մասնագիտական որակներ և պատրաստվածություն ունեցող բարեվարք դատախազներով, որոնց գերակշիռ մասը երիտասարդ է:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ մեր քաղաքացիները սպասում են արդյունքների, որոնք այսօր սկսում են նշմարվել:
Օրեր առաջ՝ հունիսի 20-ին կայացվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը, որով Հակակոռուպցիոն դատարանը վճռեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միավոր անշարժ գույք Երևան քաղաքի Վահագնի թաղամասում (միջին շուկայական արժեքը կազմում է 157 մլն դրամ), 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձում մասնակցություն, 10 մլն դրամի փոխառության պահանջի իրավունք, ինչպես նաև մոտ 17 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և բարեխիղճ երրորդ անձին փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոց։
Ավարտվել է մեկ այլ հայցադիմումի քննություն: Ակնկալում ենք, որ մոտ օրերս արդեն որպես եղելություն, կկարողանանք խոսել երկրորդ դատական ակտի մասին։
14 հայցադիմումներով ընթանում է բուն դատաքննություն։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում Գլխավոր դատախազության կողմից առ այսօր դատարան է ներկայացվել 108 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1150 անշարժ և 225 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 305 իրավաբանական անձանցում մասնակցություն:
Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը դրամային արտահայտությամբ գերազանցում է 560 մլրդ դրամը: Հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցությունների, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները:
Մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կնքված հաշտության համաձայնություններով՝ Հայաստանի սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ։
Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազությունը մտել է որակապես նոր փուլ: 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Գլխավոր
դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և կառուցվածքային ստորաբաժանումները շարունակել են ուսումնասիրել այգիների, պուրակների, ընդհանուր օգտագործման և օտարման ոչ ենթակա այլ տարածքների ապօրինի օտարման դեպքերը:
Առաջնահերթ համարելով շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, հատկապես Երևանում քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման ոչ իրավաչափ սահմանափակումը վերացնելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելուն ուղղված աշխատանքների կատարման անհրաժեշտությունը՝ շարունակվում են ուսումնասիրվել այն տարածքների սեփականության հիմքերը, որոնցում տևական ժամանակ շինարարական աշխատանքները դադարեցված են, գտնվում են ցանկապատված վիճակում՝ ընդգրկելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։ Բացի այդ, շարունակվում է շրջայցեր իրականացնելու միջոցով այն տարածքների հայտնաբերման գործընթացը, որոնք շուրջ 20 և ավելի տարիներ առաջ՝ պետության կամ համայնքի կողմից օտարվել են մասնավոր ընկերությունների, անձանց՝ հասարակական նշանակության շենքերի կառուցում իրականացնելու նպատակով, սակայն մինչ օրս շարունակում են մնալ որպես շինհրապարակներ: Իրականացված ուսումնասիրություններով՝ ի հայտ են եկել Երևանի կենտրոնում գտնվող հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ոչ իրավաչափ դեպքեր. դրանցով նախաձեռնվել են քրեական վարույթներ, հայցադիմումներ են ներկայացվել օտարված հողամասերը պետությանը վերադարձնելու պահանջով:
Ուսումնասիրություններն իրականացվել են նաև գետափնյա տարածքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասերի տրամադրման և նշված գոտիներում շինությունների կառուցման ոչ իրավաչափ դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքներով՝ առկա է նախաձեռնված քրեական վարույթ։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ներկայում ուսումնասիրվում են խորհրդային տարիներին գործող հասարակական կազմակերպություններին հանձնված անշարժ գույքերի նկատմամբ Հայաստանում հիմնադրված նույնանուն հասարակական կազմակերպությունների սեփականության իրավունքի գրանցման իրավաչափության հարցերը:
2024 թվականի ընթացքում նշված ուսումնասիրության արդյունքներով՝ ներկայացվել է հանցանքի մասին 9 հաղորդում, դատարան է ներկայացվել 17 հայցադիմում:
Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2024 թվականի ընթացքում կատարվել է 81 ուսումնասիրություն, որոնց արդյունքներով ներկայացվել է հանցանքի
մասին 29 հաղորդում, դատարան է ներկայացվել 50 հայցադիմում, ևս 18 հայցադիմում ներկայացվել է Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների կողմից:
2024 թվականի ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կնքվել են մի շարք հաշտություններ։
Մասնավորապես՝
Ø Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով հաշտության համաձայնություն է կնքվել Դատախազության և պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև: Արդյունքում՝ Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը՝ որպես ընկերության կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու վերաբերյալ չկատարված պարտավորության հատուցում: Նշված տարածքների շուկայական արժեքը մոտ 1 մլրդ դրամ է, իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարն ավելի քան 38 մլն դրամ (գույքը ներկայում ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով): Իսկ շենքի 5-րդ հարկում գտնվող տարածքն այնքան ժամանակ, որքան 1-ին և 2-րդ հարկերը տրված են վարձակալության, ըստ պահանջի կտրամադրվի պետական մարմիններին՝ կրթական միջոցառումներ անցկացնելու նպատակով:
Ø Օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտի հիման վրա առաջիկայում կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Կոտայքի մարզում գտնվող 6 հազար 300 քմ հողամասի նկատմամբ:
Ø Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է հողամասը խախտմամբ օտարելու հիմքով աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ Դատախազության կողմից ներկայացված մեկ հայց, որի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 109 հազար 800 քմ մակերեսով հողամաս:
Ø Դատախազության միջնորդագրի արդյունքում՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգում կառուցված՝ 29 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Ø Դատարաններում բավարարվել է 4 մլրդ 503 մլն 686 հազար դրամ բռնագանձելու պահանջով 8 հայց (2023 թվականին՝ 318 մլն 759 հազար դրամ պահանջով 22 հայց): Դրանցից միայն մեկը ներկայացնեմ. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 5-ի վճռով բավարարվել է Դատախազության կողմից ներկայացված հայցը: Որոշվել է գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն
Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.4 մլրդ դրամ:
Մեծարգո՛ պարոն Վարչապետ,
Սրանք էին Դատախազության առաջնահերթություններից երեքի վերաբերյալ 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները։ Նշված և Դատախազության սահմանադրական լիազորություններից բխող մյուս բոլոր գործառույթներն իրականացվում և իրականացվելու են նույն ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ»։
Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին մասնագիտական օրվա առիթով: «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը, եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և տրամաբանությամբ, չենք կարողացել առնվազն լիարժեք կերպով հասցեագրել, իրագործել: Այս առումով, դատախազության դերը երկրում արդարության և արդարադատության զգացում ձևավորելու իմաստով, իհարկե, դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ, ես այս խնդիրն եմ տեսնում և դնում մեր պետական կառավարման համակարգի, նաև այն մարմինների առաջ, որոնք անկախ են գործում, բայց գործում են պետական տրամաբանության սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված ձևով: Մենք այս նպատակը ոչ մի րոպե մեր տեսադաշտից բաց չպիտի թողնենք, որովհետև արդարությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը, և շատ կարևոր է, որ դատախազությունը, քննչական մարմինները, դատական համակարգն ամեն օր իրենց աշխատանքում հենց այս նպատակն ունենան իրենց աչքի առջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին և այդ համատեքստում ընդգծել դատախազության աշխատողների աշխատավարձերի բարձրացման կարևորությունը: Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս նշել է՝ դա արվում է ոչ միայն և ոչ այնքան դատախազության աշխատողների, որքան քաղաքացիների համար. «Դա արվում է առաջին հերթին քաղաքացիների համար, որովհետև դատախազության, քննչական մարմինների, դատարանների կողմից մատուցվող ծառայությունների թիվ 1 շահառուն քաղաքացին է: Եվ այս ոլորտում մեր քաղաքականությունը կառուցում ենք հետևյալ տրամաբանության վրա՝ արդարությունը երկրում շարունակում է մնալ թիվ 1 ակնկալիքը ժողովրդի շրջանում և երկրում պետք է գոյություն ունենա արդարության և արդարադատության ստանդարտ: Այդ ստանդարտն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներդրվեն նոր և այդ քաղաքական ակնկալիքներին համապատասխանող հմտություններ, պրոֆեսիոնալիզմ, և աշխատողները նաև իրենց աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն պիտի ունենան: Սա հարցի մի կողմն է, բայց կա նաև հարցի երկրորդ կողմը: Ես, օրինակ, շատ են
մտածում, թե ո՞րն է այն կետը կամ բանաձևը, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կհամարեն, որ երկրում հաստատված է արդարություն և արդարադատություն»:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ նպատակի իրագործման համար իրավապահ, դատաիրավական համակարգերը պետք է օրգանական կապով կապված լինեն ժողովրդի հետ. «Ընդունված է ասել՝ դատական համակարգն անկախ է, դատախազական համակարգն անկախ է, բայց պետք է հասկանանք` անկախ է ումի՞ց: Անկախ է կառավարությունից, անկախ է իշխանության մյուս թևերից, բայց դատախազական համակարգը և դատական համակարգը չի կարող անկախ, ինքնիշխան լինել, որը ՀՀ քաղաքացին է: Որտեղի՞ց է գալիս այդ արդարության բացակայության զգացումը քաղաքացիների շրջանում, դա գալիս է մի բանից, որ Հայաստանում դատախազական, դատական, դատաիրավական համակարգն անկախ է եղել ինքնիշխան ՀՀ ժողովրդից, ՀՀ ժողովրդի կամքից, ոչ թե ամեն գործով առանձին վերցրած, այլ՝ որպես ստանդարտ արդարության և արդարադատության օրենքի գերակայության և այլն»:
Վարչապետի խոսքով՝ մենք ունեցել ենք այն երևույթը, որ և՛ դատաիրավական համակարգում, և՛ պետական կառավարման համակարգում էլիտարիզմի տրամաբանություն է գործում. «Ի՞նչ է էլիտարիզմն այս տրամաբանությամբ, որ կառավարությունում, դատախազությունում, դատարաններում աշխատում են մարդիկ, ովքեր գտնվում են կյանքի բոլորովին ուրիշ հարթության վրա: Ես, ընդ որում, նաև գուցե սոցիալական, բայց նաև սոցիալ-հոգեբանական մասը նկատի ունեմ, այդտեղ ուրիշ մարդիկ են, որոնք կապ չունեն այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր ապրում են Իրական Հայաստանում, իրական կյանքում, և այս ճեղքն է, որ բերում է արդարության բացակայության կամ արդարության դեֆիցիտի զգացողության: Եվ ես ուրախ եմ, որ մեր, այդ թվում՝ կառավարության, դատախազության հենց ներսում տեղի ունեցող պրոցեսների արդյունքում այս էլիտարիզմի տրամաբանությունը նվազում է: Եվ տեսնում ենք, որ այսօր դատախազությունը, քննչական մարմինները, դատարանները, գուցե մի քիչ ավելի դանդաղ, բայց մոտեցնում են իրենց ժողովրդին, և օրգանական կապ է ձևավորվում ժողովրդի և դատախազական համակարգի միջև»:
Անդրադառնալով ժողովրդի հետ օրգանական կապով կապված լինելու հանգամանքի անհրաժեշտությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարցը, որի մասին ես երկար մտածել եմ, այն է՝ մենք անընդհատ փորձում ենք այս ոլորտներում բարեփոխումներ, փոփոխություններ իրականացնել, ինչո՞ւ են մարդիկ շարունակում մտածել, որ այս երկրում արդարություն չկա, այս երկրում արդարադատություն չկա: Մի պարզ պատճառով՝ արդարադատություն իրականացնող համակարգերն օրգանական կապով կապված չեն ժողովրդի հետ: Խոսքն ինստիտուցիոնալ արդարադատության ստանդարտի մասին է: Շատ դեպքերում, օրինակ՝ կարդում ես իրավական և իրավաբանական տեքստեր, հասկանում ես՝ սկզբունքորեն գրված է հայերեն, բայց իրականությունը չի արտահայտում, սկզբունքորեն գրված է ճիշտ, բայց իրականությունը
չի արտահայտում, սկզբունքորեն որևէ բան չես կարող հերքել, բայց այն չի արտահայտում արդարադատությունը, արդարությունը և արդարության այն ձգտումն ու երազանքը, որն ունի ՀՀ ժողովուրդը»:
Այդ համատեքստում վարչապետը կարևորել է իր կողմից հնչեցրած հետևյալ թեզը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգային ռազմավարության անկյունաքարը լեգիտիմությունն է. «Ամեն օր ես համոզվում եմ այս թեզի կարևորության և անհրաժեշտության մեջ: Ուզում եմ ընդգծել, որ սա կապ ունի նաև Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու ստանդարտի հետ, որովհետև նույն դատախազական գործունեության և դատաիրավական համակարգի հետ կապված ամենակարևոր առանցքային երևույթներից մեկն իրավազորությունը և ընդդատությունն է, որն էլ ուղիղ կապ ունի ինքնիշխանության հետ: Երբ այստեղ կարողանում ենք հասնել մի իրավիճակի, որտեղ ունենք իրականություն, որն այս առումով դեֆորմացիաներ չի առաջացնում՝ դա էլ կարևոր պայման է մեր երկրի ներսում արդարություն և արդարադատություն ունենալու համար: Ուզում եմ նաև ասել հետևյալը՝ Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության ստանդարտի մասին է, որովհետև Իրական Հայաստանն իրավազորության ճշգրտության մասին է, ինքնիշխանության ճշգրտության մասին է, օրենքի գերակայության արեալի ճշգրտության մասին է: Սրանք հարցեր են, որոնց տարբեր, այդ թվում՝ ցավալի և դժբախտ հանգամանքների բերումով մենք այսօր ենք առերեսվում, բայց սա էլ է մեր ինստիտուցիոնալ պրոբլեմների արտահայտությունը: Բայց կարևոր է, որ գոնե այսօր այս հարցերին անդրադառնում ենք և դա առանցքային է, այդ թվում՝ երկրում արդարություն հաստատելու համար, այն տրամաբանությամբ, որ արդարությունը, կրկնում եմ՝ ոչ միայն պետք է լինի քաղաքական կարգախոս, ոչ միայն պետք է լինի իրավական ակտ, այլ պետք է լինի միջին վիճակագրական քաղաքացու զգացողությունը, որ ինքն ապրում է մի երկրում, որտեղ կա արդարություն, որտեղ կա արդարադատություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով»։
Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ստեղծմանը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է 2018 թ.-ին էմոցիաներին տուրք չտալու, դիմակայելու կարևորությունը. «Մենք այն ժամանակ և հիմա էլ, քաղաքական կամք ունեցանք դիմակայելու էմոցիաներին՝ փոխարենն ինստիտուտ ստեղծելու նկատառումով։ Այսօր մենք արդեն ստեղծել ենք ինստիտուտ, որն այլևս ՀՀ ժողովրդինն է, Հայաստանի Հանրապետությանն է, և անկախ կառավարություններից՝ այդ ինստիտուտը պետք է շարունակի գործել, որովհետև դա մեխանիզմ է, որը գործարկվել է լիարժեք իրավական և օրինական ձևով, և այդ ինստիտուտը պետք է նաև լրացնի արդարության պակասի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումը»։
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում չպետք է մոռանալ, որ այս փոփոխությունները ծառայում են Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանին,
այսինքն՝ ՀՀ քաղաքացուն։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ այդ կամքով, տեսլականով և նվիրումով աշխատելու համար։
Ելույթներին հաջորդել է առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնող տասը դատախազների երդման արարողությունը, որից հետո Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը և ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, իսկ ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանն ու Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը:
Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության մի շարք դատախազների հայտարարվել է շնորհակալություն, մի շարք դատախազներ պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, երկու դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ մի շարք դատախազներ պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալով, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հրամանով՝ հուշանվեր ժամացույցով և պատվոգրերով:
Հանրային կապերի բաժին